ՀՀ ներքին գործերի նախարարության  «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» տեղեկատվական տեխնոլոգիաների խմբի ռոբոտատեխնիկայի լաբորատորիան նոյեմբերի մեկից նոր վարիչ եւ աշխատակից ունի: Տեխնիկական գիտությունների թեկնածու, ավիացիոն նյութագիտության եւ ավիացիայի կառավարման մասնագիտությունների դասավանդման մոտ 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գրիգոր Բաբայանը նշանակվել է լաբորատորիայի վարիչ, իսկ փրկարարի ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Արման Հակոբյանը՝ ծրագրավորող:

ՃԿՊԱ-ում ռոբոտատեխնիկայի լաբորատորիան բացվել է 2021 թվականին, իսկ 2022-2023 ուսումնական տարվանից ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրում ներդրվել է «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությունը: Սրա համար մշակվել են «Տեխնիկ-օպերատոր՝ որոնողափրկարարական աշխատանքներում հեռակառավարվող սարքերի շահագործման» որակավորման պետական կրթական չափորոշիչը, ուսումնական պլանն ու մոդուլային ծրագրերը: 2022-2023 ուստարում ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի այս մասնագիտություն է ընդունվել 30 դիմորդ, նույնքան էլ՝ 2023-2024 ուստարում:

Գրիգոր Բաբայանի խոսքով, այս պահին մի քանի նախագիծ կա. մշակվում է թռչող ապարատների վարժասարք: Սա համակարգչային ծրագիր է եւ կառավարման վահանակ, որը միացվում է համակարգչին: Պատկերը տեսնում ես մեկ մեծ եւ երկու ավելի փոքր էկրանների վրա: «Առանց վարժասարքի վրա հմտանալու թռչող ապարատների շահագործումը ռիսկ է. սկսած ապարատը վնասելուց», — նկատեց Գրիգոր Բաբայանը: Ամենայն հավանականությամբ, թռչող ապարատների վարժասարքը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ:

Հաջորդ ծրագիրը թռչող ապարատների փորձակման աէրոդինամիկ խողովակ ստեղծելու նախաձեռնությունն է: Թռչող ապարատի փոքր մոդելի վրա կատարված փորձարկումներից հետո ստեղծված իրական ապարատը շատ ավելի հուսալի է:

Մանրամասներին դեռ կանդրադառնանք:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ