Ինչպես ցանկացած այլ ամսին, սեպտեմբերին եւս, Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կազմակերպվել են ուսանողների ոչ ֆորմալ կրթության ծրագրեր:

Սեպտեմբերի 12

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսներ Սիրուշ Հովհաննիսյանն ու Ռուզաննա Ղարիբյանը մասնակցել են «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատանքային քննմարկմանը: Խոսվել է պայթուցիկ զինամթերքով հողի աղտոտվածությունից, աղտոտված տարածքների քարտեզագրումից, ականազերծման ծրագրերում համագործակցությունից:

Սեպտեմբերի 12

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները, կուրսղեկ Պարգեւ Եղիազարյանի գլխավորությամբ եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհել մեր բոլոր նահատակների հիշատակին:

Սեպտեմբերի 19

ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանը հանդիպել է բուհի մոտ 60 ուսանողի հետ, ներկայացրել ակադեմիայի կառուցվածքը, կրթական եւ վերապատրաստման ծրագրերը, բուհն ավարտած մասնագետի համար հեռանկարները: Ակադեմիան ունի երգող, պարող, ասմունքող, նվագող ուսանողներ եւ հետագայում կազմակերպվելիք ծրագրերում կներառվեն նաեւ այս ուսանողները:

Սեպտեմբերի 28

ՃԿՊԱ ուսանողներն ու դասախոսները մասնակցել են Ռուսաստանի տարբեր բուհերի եւ «Նորիլսկյան նիկել» լեռնամետալուրգիական ընկերության կազմակերպած հեռուստակամուրջին: Թեման՝ «Արտակարգ իրավիճակների մոնիթորինգի տիեզերական մեթոդներ եւ տեխնոլոգիաներ»:

Միջազգային օրեր

Սեպտեմբերի 13-ը բնության հատուկ պահպանվող տարածքների օրն է, սեպտեմբերի 18-ը՝ ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը, իսկ հոկտեմբերի առաջին երկուշաբթին՝ բնական միջավայրի համաշխարհային օրը: Միջազգային այս օրերի առիթվ, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսի 20 ուսանող, ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանի ուղեկցությամբ եղել են Երեւանի բուսաբանական այգում՝ այցելել բուսաբանության թանգարան: Թանգարանի աշխատակիցները ներկայացրել են իրենց ունեցած ժառանգությունը:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները: