Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա»-ի եւ ԿԳՄՍ նախարարության «Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի»-ի (ՄՀԿ) համագործակցության շրջանակում հուլիս-օգոստոս ամիսներին անցկացվել է վրանային ճամբար Ապարանի ջրամբարին հարակից տարածքում եւ Լոռու մարզի Գարգառ գյուղում։  Ակադեմիայից մասնակցել է միջին մասնագիտական կրթական ծրագրի 45-ից ավելի ուսանող թե՛ Երեւանից, թե՛ Ստեփանավանից։

Երեւանի թիմի ղեկավար, ՃԿՊԱ մեթոդիստ Տաթեւ Հովակիմյանի խոսքով՝ առաջին ճամբարի ընթացքում եղել են տարբեր դասընթացներ՝ առաջին օգնություն, կենցաղավարություն, պարանների կիրառում, տուրիստական հմտություններ, ինչպես նաեւ՝  բույսերի ու սնկերի ճանաչողական արշավ- էքսկուրսիա։ Քայլարշավեր են կազմակերպվել դեպի Աստվածընկալ վանական համալիր եւ  Աղավնո լեռ։

Ծրագիրն այս տարի մրցութային չէր։ Չնայած դրան՝  ՃԿՊԱ սաներն աչքի են ընկել հատկապես առաջին օգնություն ցուցաբերելու եւ պարանային տեխնիկայից օգտվելու հարցում։ Եղել է դեպք, երբ նրանք օգնության են հասել արեւահարությունից թուլացած մյուս ճամբարականներին։

«Այս տարի ավելացել էին բնապահպանական աշխատանքները։ Գարգառի ափերից աղբահավաք ենք կատարել։ Երեխաներին զգուշացրել էինք , որ վրանային ճամբարի տարածքն աղտոտելու դեպքում բացասական միավոր են ստանալու։ Բոլորը միահամուռ հետեւում էին մաքրությանը։ Շատ ուրախալի էր, որ տարբեր մարզերի երեխաներն ակտիվ շփվում էին միմյանց հետ, մոռացել էին հեռախոսն ու ինտերնետը», -հավելում է խմբի ղեկավարը։

Ստեփանավանի տարածաշրջանում ճամբարականները քայլարշավ են ունեցել «Դենդրոպարկ»-ում, այցելել Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Նրանցից երկուսը՝ առավել փորձառուները, ստացել են ամբողջական գույք-հանդերձանք, սնունդ եւ մասնակցել «ճամբար՝ ճամբարում» նախաձեռնությանը։ Բարձրանալով հարակից լեռը՝ պատանիները ջոկատավարի եւ այլ պատասխանատուների վերահսկողությամբ վրաններ են դրել եւ մեկ օր անցկացրել լեռան հակառակ կողմում։ Տաթեւ Հովակիմյանը նշում է՝  բոլորը վերադարձել էին տպավորված։ Առաջին անգամն էր, որ այդքան ծանրությունն ուսերին՝ բարձրություն էին հաղթահարել եւ ինքնուրույն որոշումներ կայացրել։

Ճամբարի ընթացքում խմբերը պատրաստել են ավանդական դաշտային տորթը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել  է Տաթեւ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ