ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն,  հունիսի 13-15-ը անցկացվում է «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող փրկարարական աշխատանքներ» թեմայով վերապատրաստում, որին մասնակցում են Երեւանի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի, Լոռու տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ՝ 14 հոգի:

Եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասեր են, մյուս օրերին՝ գործնական պարապմունքներ: Վերապատրաստման թեմաներն են. «Գազածխապաշտպան ծառայության նպատակը եւ նշանակությունը», «Գազածխապաշտպան օղակի կազմը եւ հրդեհի վայրում կատարող աշխատանքների անվտանգությունը», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքների կազմակերպման մեթոդական ցուցումներ», «Հսկիչ անցագրային պահակետի կազմակերպումը», «Հսկիչ անցագրային պահակետի պատասխանատուի պարտականությունները», «Սեղմված օդով մեկուսիչ շնչառական ապարատներ, դրանց կառուցվածքը, ստուգումները, շահագործման անվտանգության կանոնները եւ խնամքը», «Գազածխապաշտպան օղակի կազմով շնչառության համար ոչ պիտանի միջավայրում աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Սահմանափակ տարածքներում եւ վտանգավոր բարձրությունների վրա սեղմված օդով մեկուսիչ շնչառական ապարատներով տեղաշարժման կազմակերպում եւ իրականացում»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ