Հունիսի 16-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում Գինեսի գրքի եւ Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, մաս-ռեստլինգ եւ ուժային եռամարտ սպորտաձեւերից միջազգային տարբեր մրցաշարերի մեդալակիր, «Սաքունց» աշխարհի ռեկորդների գրքի հիմնադիր, ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» շրջանավարտ-դասախոս Յուրի Սաքունցը գերազանցեց իր առաջին ռեկորդը` ատամներով 10 մետր տեղաշարժելով  37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-մեքենա: Սաքունցի անձնական քաշը 67 կգ է:
Երեք տարի առաջ սահմանված ռեկորդի համեմատ` մարզիկը ծանրությունն ավելացրել էր 12, 5 տոննայով: Սա Յուրի Սաքունցի արդեն 23-րդ ռեկորդն է:
Նոր ռեկորդը սահմանելու թույլտվություն Յուրին ստացել էր անմիջապես Գինեսի գրքի գնահատող հանձաժողովից, ինչը հազվադեպ երեւույթ է: Ռեկորդ սահմանելու տեսանյութը կուղարկվի Լոնդոն:
Յուրի Սաքունցի նոր ռեկորդի սահմանմանը ներկա էին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, առաջին փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը, բազմաթիվ փրկարարներ: Ռեկորդում  հրշեջ-մեքենաներ ներգրավելը Յուրի Սաքունցը բացատրում է նրանով, որ դա իր մասնագիտության մի մասն է, իր աշխատանքը: Սա սակայն Սաքունցին չի սահմանափակում: Նրա ռեկորդներից մեկն էլ ճկույթ մատով գնացքի 33 տոննայանոց վագոն քաշելն է եղել:
Առաջիկայում փորձառու մարզիկը պատրաստվում է ճկույթ մատով ուղղաթիռ տեղաշարժել:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ