Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և նրանց գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատրաստվածության ընդհանուր մոտեցումներն, այնպես էլ կառույցների միջև համագործակցության նոր հնարավորությունները:

Նախարար Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ երախտագիտությամբ անդրադարձել է այն ոլորտներին, որտեղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի գործուն աջակցությամբ բազմաթիվ մարդասիրական ծրագրեր են իրականացվել՝ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու, արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանն աջակցելու ուղղությամբ:

Նախարարը կարևորել է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումների անձնակազմերի հետ «Առաջին օգնության հիմունքներ» և «Աճյունների հետ աշխատանքների իրականացում արտակարգ իրավիճակներում» թեմաներով դասընթացների անցկացումը և ուսումնական տարբեր ծրագրերի շարունակականության ապահովումը:

Առավել մանրամասն՝ այստեղ