Նոյեմբերի 13-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ամփոփվեց «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը։ 

«Կառավարում եւ տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ» ու  «Ուսումնամեթոդական եւ գիտամեթոդական հիմնախնդիրները» սեկցիաներում ներկայացվեց 16 զեկույց հետեւյալ թեմաներով՝  «Ուժեղ երկրաշարժերի ժամանակ թույլ գրունտների տեղափոխությունները եւ հակասեյսմիկ կարանների իրականացման առանձնահատկությունները», «Բնակչության պաշտպանության համակարգի զարգացման հիմնահարցեր», «Սմարթ քաղաքները» նորարարության դարաշրջանում. նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ», «Յուղային ուժային տրանսֆորմատորի վերափոխումը չոր ուժային տրանսֆորմատորի», «Հանքարդյունաբերության թափոնների ներգրավումը շինանյութերի եւ պատրաստվածքների արտադրության մեջ», «Ռոբոտատեխնիկական համակարգերի կիրառման արդյունավետությունը հրդեհապայթյունավտանգ օբյեկտների հրդեհային անվտանգության ապահովման եւ հրդեհաշիջման աշխատանքներում», «Մարդասիրական օգնության կազմակերպման եւ տրամադրման առանձնահատկությունները», «Արտակարգ իրավիճակներում առաջացող բացասական հոգեվիճակների հոգեբանական բնութագիրը», «Արտակարգ իրավիճակներում և պատերազմական իրադրության ժամանակ հոգենյարդային խանգարումները եւ դրանց հետեւանքները» եւ այլն։ Սիբիրի դաշնային համալսարանի Գազի եւ նավթի ինստիտուտի ներկայացուցիչներ Ս. Մասաեւը, Ա. Մինկինը եւ Դ.Եդիմիչեւը տեսակապով պատմեցին «Վթարափրկարարական տեխնիկայի օպտիմալ ընտրության չափանիշների» մասին։

Բանախոսները ՃԿՊԱ մասնագետներն էին, 10-ից ավելի կազմակերպության փորձագետներ, որոնք գիտական հետազոտություններ են կատարում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ։

Ուշագրավ մեջբերումներ զեկույցներից․

  • Հետազոտությունները ցույց են տալիս, որ անկախ արտակարգ իրա­վի­ճակի տեւողությունից եւ բնույթից` դրա հետեւանքներն ազդում են բնակչության ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջության վրա: Այս առումով արդիական է մնում հոգենյարդային խանգարումներով տուժածներին արտակարգ իրավիճակներում օգնության ցուցաբերման խնդիրը։ Տուժածներին ժամանակին բուժհոգեբանական օգնություն ցուցաբերելու համար անհրա­ժեշտ է առողջապահության համակարգի բոլոր ծառայությունների եւ արտակարգ իրավիճակ­ների նախարարության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետ­նե­րի համար ապահովել համապատաս­խան մակարդակի պատրաստություն։ Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել, որ հոգեբանական օգնությունը չի ավարտվում աղետի գոտում: Այն ներառում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վերականգնողական պրոցեսը, որը կարող է տեւել օրեր, շաբաթներ, ամիսներ: ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժինը, որը հագեցած է հոգեկան հավասա­րակշռության վերականգման, հոգեֆիզիոլոգիական ցուցանիշների չափման, զգայական ռելաք­սացիայի, հոգեբանական, ֆիզիկական լիցքաթափման եւ այլ ժամանակակից սարքա­վորումներով, կարող է արագ արձագանքման, հոգեախտորո­շիչ եւ վերականգնողական ուղղություններով մեծ աշխատանք կատարել։
  • Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ մինչ 2050 թվականը երկրի բնակչության թվաքանակը կհասնի 9,7-11 մլրդի, որի 70%-ը կբնակվի քաղաքներում, որոնք կկազմեն Երկիր մոլորակի մակերեսի 2%-ը։ Սա կբերի մեծ մարտահրավերների՝ մթնոլորտային աղտոտվածություն, ենթակառուցվածքների անհասանելիություն, երթեւեկության խցանումներ, անվտանգության եւ հասարակական առողջության ապահովման խնդիրներ։ Զարգացած եւ զարգացող շատ երկրներ տնտեսություն կառավարման եւ կազմակերպման գործընթացներում որդեգրում են տեղեկատվական՝ «Խելացի» համակարգեր, որոնց շարքին է պատկանում նաեւ «Խելացի քաղաքների» ստեղծումը:«Խելացի քաղաքը» (Smart City) կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխկապակցված համակարգ է ինտերնետ առարկաների հետ (IoT- Internet of Things), որոնք պարզեցնում են քաղաքի ներքին գործընթացների կառավարումը եւ բարելավում բնակչության կենսամակարդակը։ «Խելացի քաղաքների» օգուտը մեծ է՝ հասարակական գործընթացներում քաղաքացու եւ կառավարության ընդլայնված ներգրավվածություն, ավելի անվտանգ համայնքներ, հասարակական բարիքների համատարած հասանելիություն եւ այլն։ Այդուհանդերձ սմարթ տեխնոլոգիաները, արհեստական բանականությամբ, մեխանիկական ուսուցմամբ աշխատող առարկաները, ինտերնետ իրերը (IoT) եւ բազմաթիվ այլ ցանցային սարքավորումները խոցելի են կիբերհանցագործների համար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Գիտաժողովի առաջին օրվա մասին՝ այստեղ