ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Դավիթ Տոնոյանը հյուրընկալեց Առաջնորդության դպրոցի 2017-2018 ուսումնական տարվա ուսանողներին՝ դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։

Հանդիպման թեման էր աղետների ռիսկի նվազեցումը, արձագանքումն արտակարգ իրավիճակներում և առաջնորդի դերը ճգնաժամային իրավիճակներում։ Ուսանողներին ներկայացվեց ՀՀ ԱԻՆ ընդհանուր համակարգը, գործունեության ոլորտը, միջազգային և հասարակական դաշտում համագործակցության ուղղությունները, առկա հիմնական մարտահրավերները, աղետների ռիսկի նվազեցման և արձագանքման կարողությունների ուղղությամբ տարվող աշխատանքները:

Պատասխանելով ուսանողներին հուզող բազմաթիվ հարցերին՝ ԱԻ նախարարը կիսվեց արտակարգ իրավիճակներում աշխատանքների կազմակերպման, անձնակազմի կառավարման և ճգնաժամերը վերահսկելու իր փորձառությամբ: Անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին՝ նախարար Տոնոյանը նշեց. «Մենք ստանձնել ենք աղետների ռիսկի նվազեցման, արձագանքման կարողությունների հզորացման և երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման գործընթացի իրականացումը, ինչպես նաև՝ պայքարը արդյունաբերական ոլորտում ծագող ճգնաժամերի դեմ»:

Քննարկվեցին նաև բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ԱԻ նախարարության կողմից իրականացվող միջոցառումները. ուսանողներին մասնավորապես հետաքրքրեց 2018թ.-ին մեկնարկող «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» հայ-ճապոնական ծրագիրը, որով նախատեսվում է ուսումնասիրել և Հայաստանում ներդնել հանրային իրազեկման ոլորտում Ճապոնիայի լավագույն փորձը:

Ուսանողները նախարարից հետաքրքրվեցին, թե ինչպիսին պետք է լինի իրական առաջնորդը և ինչպես պետք է ոգևորի ու առաջնորդի իր թիմին: «Առաջնորդը պետք է լինի հետևողական և արդար, ունենա տեսլական, որի շուրջ էլ կհավաքագրի իր թիմը և առաջնորդն անպայման պետք է կրթվի: Ցանկացած փոխհարաբերություն կառուցելիս առաջնորդը պետք է պահպանի փոխշահավետության և դիմացինի հետ ազնիվ լինելու սկզբունքը, այլապես՝ համագործակցությունը չի ստացվի»,-նշեց նախարար Տոնոյանը:

Ամփոփելով հանդիպումը՝ Առաջնորդության դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանը, շնորհակալություն հայտնեց հետաքրքիր և բովանդակալից քննարկման համար, ինչպես նաև՝ ԱԻ նախարարից հետաքրքրվեց, թե որն է Հայաստանի ապագայի և զարգացման իր տեսլականը: «Հայաստանի զարգացման իմ տեսլականը անվտանգության հիմնահարցերի լուծման մեջ է, մենք պետք է մեր տեղը գրավենք անվտանգության ճարտարապետության միջավայրում, միայն այդպես կապահովենք երկրի կայուն զարգացումը»,- իր տեսլականով կիսվեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: