Դեկտեմբերի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերի շուրջ սեմինար-պարապմունք, որին մասնակցում էին Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության կողմից մշակված քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգին առնչվող հարցերը, ինչպես նաև՝ 2017 թ.-ի ընթացքում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Սեմինար-պարապմունքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Օրակարգում ընդգրկված էին հետևյալ թեմաները.

• 2018թ.-ի ՔՊ միջոցառումների պլանավորումն ու կազմակերպումը,

• Բնակչության տարհանման և պատսպարման խնդիրները,

• ՔՊ հարցերով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման կազմակերպումը,

• Տնտեսության օբյեկտների կայուն գործունեության հիմունքները:

Ամփոփելով ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում ի հայտ եկած թերությունները՝ ներկաները նախանշեցին դրանց շտկման ուղղությամբ տարվող հիմնական աշխատանքները:

2018 թ.-ին նախատեսվող միջոցառումների թվում են նաև ուսումնական վարժանքները, որոնք նպատակ ունեն զարգացնել կառավարման մարմինների և բնակչության պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում: