Դեկտեմբերի 7-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայաստանյան գրասենյակում անցկացրել է երկրաշարժի թեմայով վարժանք և սեմինար պարապմունք, որոնց ներգրավվել են միության և նույն շենքում տեղակայված այլ գրասենյակների աշխատակիցները:

Միջոցառումը նվիրված էր Սպիտակի երկրաշարժի հիշատակի օրվան: Դրա շրջանակում իրականացվել է երկրաշարժի դեպքում շինությունից աշխատողների տարահանման գործնական վարժանք և վերլուծություն, այնուհետև՝ սեմինար-պարապմունք:

Նպատակն էր բարձրացնել արտակարգ իրավիճակներում ՀԲԸՄ աշխատակիցների պատրաստվածությունն ու աղետների ռիսկերի վերաբերյալ իրազեկվածությունը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության և սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին զեկույցներ են ներկայացրել տարահանման կազմակերպման առանձնահատկությունների, Հայաստանին սպառնացող աղետների, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կազմակերպման համակարգի, հրդեհային անվտանգության և հրդեհաշիջման կազմակերպման, ինչպես նաև երկրաշարժի դեպքում, դրանից առաջ և հետո անվտանգության վարքականոնների մասին:

Նմանատիպ վարժանքներն ու սեմինարները կազմակերպվում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կողմից իրականացվող բնակչության պատրաստվածության բարձրացման միջոցառումների շրջանակում՝ ընդգրկելով տարբեր պետական, մասնավոր, հասարակական ու միջազգային կազմակերպություններ: