Նոյոմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպական միության Արևելյան հարևանության աջակցություն նախաձեռնության շրջանակներում իրականացվող Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածաշրջանում ծրագրի 2-րդ փուլի (PPRD EAST-2) ազգային խորհրդատվական խմբի 4-րդ հանդիպումը:

Ազգային խորհրդատվական խմբի հերթական հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ այլ շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև՝ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ PPRD EAST-2 թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին համառոտ ներկայացրեց PPRD EAST-2 ծրագրի շրջանակներում 2017 թ.-ի ընթացքում իրականացված միջոցառումները, գործողությունները, ինչպես նաև՝ ձեռքբերումները:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին PPRD EAST-2 ծրագրի շրջանակներում Հայասատանի առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ զեկույցներ՝ կատարված աշխատանքների և հետագա գործողությունների վերաբերյալ.

— Ջրհեղեղների ռիսկի կառավարում
-Աղետների ռիսկի գնահատում
-Աղետների հետևանքով կորուստների տվյալներ
-Ընդունող երկրի աջակցություն
-Աղետների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

PPRD EAST-2 թիմի ղեկավար Ս. Անագնոստին բարձր գնահատեց Հայաստանում իրականացված աշխատանքները և հայ փրկարարների պրոֆեսիոնալիզմը՝ հույս հայտնելով, որ հետագա աշխատանքները ևս կունենան բարձր արդյունավետություն:

Զեկույցներ ներկայացվեցին նաև PPRD EAST-2 ծրագրի փորձագետների կողմից հետևյալ թեմաներով՝

-Ռիսկերի կառավարման տարածաշրջանային էլեկտրոնային քարտեզ
-Կամավորության սկզբունքը բնակչության պաշտպանության ոլորտում:

Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի զարգացնել բնակչության պաշտպանության կարողությունները «Արևելյան գործընկերության» երկրներում (Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա և Ադրբեջան):

Առաջին փուլը Հայաստանում մեկնարկել է 2011 թ.-ին և դրա շրջանակներում իրականացվել են տարբեր աշխատանքներ` կադրերի վերապատրաստման ու փորձագետների փոխանակման ուղղությամբ, կազմակերպվել են ուսումնավարժություններ, մշակվել է ռիսկերի կառավարման տարածաշրջանային էլեկտրոնային քարտեզ: