Միջբուհական ուսանողական գիտաժողով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում

Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց միջբուհական ուսանողական գիտաժողով «Աղետների հոգեբանություն» թեմայով, որը նվիրված էր Աղետների ռիսկի նմազեցման միջազգային օրվան:

Գիտաժողովը նպատակաուղղված էր աղետների  հոգեբանության հիմնախնդիրների և դրանց հնարավոր լուծումների քննարկմանը, գիտական հետազոտությունների ներկայացմանը, արտակարգ իրավիճակների աշխատակիցների հոգեբանական պատրաստվածության բարձրացման մոդելների մշակմանն ու բնակչության շրջանում հոգբանական անվտանգության մշակույթի ձևավորմանը:

Ներածական խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկուհի Ղարիբյանը և մասնակիցներին փոխանցեց ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի ողջույնի խոսքը: «Ակադեմիայում արդեն ավանդույթ է դարձել աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը: Մինչև այս տարի դրանք իրականացվել են ուսումնավարժանքների տեսքով, որոնց մասնակցել են նաև հանրապետության բոլոր բուհերի, հատկապես Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Սակայն այս տարի ձևաչափը փոքր-ինչ փոխվել է, վարժանքներին է ավելացել նաև միջբուհական ուսանողական այս գիտաժողովը»,- ասաց Հայկուհի Ղարիբյանը:

Միջբուհական ուսանողական գիտաժողովին մասնակցում էին նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի 26 ուսանողներ, հյուրեր:

Ներկայացրեց 21 հոդված: Դրանք հիմնականում վերաբերում էին աղետների արձագանքման ժամանակ փրկարարների հոգեբանական կայունության պահպանմանը, բնակչության հոգեբանական անվտանգության մշակույթի ձևավորմանը, երեխաների կողմից վշտի ապրման ընդհանուր բնութագրին, մանկական վախերի հաղթահարման նպատակով ծնողավարման հմտություններին, արտակարգ իրավիճաիկներում մարդու վարքին, տեխնածին վտանգների ժամանակ հոգեբանական աջակցությանը, Ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական վնասվածքներին, բարոյական անկման վարքային դրսևորումներին, արտակարգ իրավիճակներում, զանգվածային խուճապի ծամանակ մարդկանց վարքին ու հեգետրավմատիկ հետևանքներին և առաջին հոգեբանական օգնությանը և այլ…

Գիտաժողովն անցավ բուռն քննարկումներում, վստահություն հայտնվեց, որ այն խթան կհանդիսանա հետագա համագործակցության, փորձի փոխանակման, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում մագիստրոսի կրթական ծրագրով աղետների հոգեբանություն մասնագիտությամբ ուսուցումը շարունակելու համար:

Մասնակիցները հույս հայտնեցին, որ գիտաժողովում քննարկումների արդյունքները կիրառություն կգտնեն գիտական հետազոտությունների ներկայացման, արտակարգ իրավիճակների և փրկարար ծառայության աշխատակիցների հոգեբանական պատրաստվածության բարձրացման մոդելների մշակման, հասարակության մեջ հոգեբանական անվտանգության մշակույթի ձևավորման և այլ ուղղություններում, որոնց ամբողջությունը պայմանավորում է հոգեբանական կայունությունը:

«Մեր սերնդի համար ուրախալի է, որ գիտաժողովում ներկայացված են «Աղետների հոգեբանության» այդքան գիտական հոդվածներ: Բոլորն էլ հետքրքիր էին, արդիական, քննարկումներն էլ թեժ, ինչը վկայում է, որ համակարգը ապագա ունի»,- շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին իր խոսքում ընդգծեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավար, Երևանի պետական համալսարանի դասախոս, հոգեբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Միքայելյանը:

Գիտաժողովի ամփափմանը մասնակիցներին տրվեցին Միջբուհական գիտական մասնակցության հավաստագրեր: Ավարտից հետո գիտաժողովի մասնակիցները մեկնեցին Ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոն՝ ականատեսը լինելու 3-րդ և 4-րդ կուրսերի 111 ուսանողների մասնակցությամբ անցկացվող ցուցադրական, գործնական պարապմունք-վարժանքին, որն անցկացվում էր «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group INSARAG) սահմանած չափանիշներով: Առաջին անգամ է, որ վարժանքն անցկացվեց միայն ուսանողների մասնակցությամբ, որի սցենարն առավելագույնս մոտեցված էր իրականությանը: