Հունիսի 30-ին ՀՀ ԱԻ նախարարության Փրկության նվիրյալներ հուշարձանի մոտ կայացավ պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը երկարամյա անբասիր ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու կապակցությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ «Անբասիր ծառայության համար 10 տարի» 3-րդ աստիճանի, «Անբասիր ծառայության համար 15 տարի» 2-րդ աստիճանի և «Անբասիր ծառայության համար 20 տարի» 1-ին աստիճանի մեդալներ շնորհեց համակարգի 42 աշխատակցի:

Նախարար Դ. Տոնոյանը նաև ավարտական վկայականներ հանձնեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան գերազանց ավարտած 19 շրջանավարտի:

Շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին և շրջանավարտներին՝ նախարարը նշեց.

-Այսօր զուգակցվում է երկու խորհրդանշական իրադարձություն՝ խրախուսվում են տարիների վաստակ ունեցող փրկարար ծառայողներն ու դիպլոմներ են հանձնվում նրանց փոխարինելու պատրաստ՝ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին: Վաստակաշատ փրկարարները լավագույն օրինակն են, ում կարող է հետևել երիտասարդ սերունդը՝ ընտրելով ամենապահանջված մասնագիտություններից մեկը: Սիրով շնորհավորում եմ ձեզ: Շարունակեք ավելացնել ձեր պատրաստվածության աստիճանը և գիտելիքները: Սովորեք նաև ձեր ավագ ընկերներից և հուսով եմ, որ մի օր դուք էլ կհայտնվեք պարգևատրվողների շարքում:

Նախարարը նաև նշեց, որ թեև, առկա ուսուցման ոչ բոլոր շրջանավարտներն են ապահովվելու աշխատանքով, բայց արվում է հնարավորը, որ առնվազն գերազանցությամբ ավարտածները մոտ ապագայում անցնեն ծառայության՝ ըստ մասնագիտության: Նախարարի խոսքով՝ զինվորական ծառայություն անցած երիտասարդների համար ստեղծվելու է հնարավորություն՝ կարճաժամկետ վերապատրաստումից հետո համալրելու երկրի սահմանների պաշտպանների՝ հայոց բանակի սպայակազմի շարքերը:

-Մեր ծառայությունն ու աշխատանքը չունի սկիզբ և ավարտ, մենք մշտապես պատրաստ ենք արձագանքելու ցանկացած ահազանգի: Այո, արտակարգ իրավիճակներն ու ճգնաժամերը կառավարելի են, և մենք պետք է գիտակցենք, որ արագ ու արհեստավարժ արձագանքումը չունի և երբեք չի կարող ունենալ այլընտրանք: Պատրաստ լինենք, անխուսափելի աղետների դեպքում անգամ, նվազագույնի հասցնելու կորուստները, իսկ տուժածներին՝ օր առաջ վերադարձնելու բնականոն կյանքի,- եզրափակեց նախարարը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանի ղեկավարությամբ նախարարության շարահրապարակում կայացավ նաև ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ շրջանավարտների՝ ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Ակադեմիայի 174 շրջանավարտ հանդիսավոր կերպով երդվեց անձնվիրաբար ծառայել Հայաստանի հանրապետությանը և բարեխղճորեն տանել ծառայությունը: