ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2017 թվականին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2017 թվականին փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են 22103 ելք՝ 1973-ով ավելի քան 2016 թվականին: 7410 ելքով փրկարարներն արձագանքել են հրդեհի վերաբերյալ կանչերի, 8424՝ կենցաղային կանչ, 5268՝ այլ դեպք, 1001՝ կեղծ ահազանգ:

2017 թվականին արտակարգ դեպքերից զոհվել է 355 մարդ, այդ թվում՝ 74 կին, 18 երեխա: 2016 թվականին զոհվել էր 354 մարդ, 2015-ին՝ 442: Վնասվածքներ է ստացել 10688 մարդ, այդ թվում՝ 3051 կին, 1759 երեխա: 2016 թվականին վնասվել էր 9232, 2015 թվականին` 9226 մարդ: 2017 թվականին փրկարարները 274 մարդու կյանք են փրկել՝ 46-ով ավելի քան 2016-ին:

Ինչպես և նախորդ տարիներին, հանրապետությունnւմ գրանցված արտակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 13761 կամ մոտ 94 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են: Զոհերի մեծ մասն էլ ճանապարհատրանսպորտային պատահարներից է՝ 279 մարդ:

Բացի նշված արտակարգ դեպքերից, 2017 թվականին Հայաստանում գրանցվել է նաեւ 148 փլուզում, 50 ուժեղ քամի, 49 երկրաշարժ, 36 ուժեղ կարկուտ, 27 քարաթափում, 23 պայթյուն, 16 ձնաբուք, 10 հեղեղում-վարարում, 4 սողանք, 3 տեղատարափ անձրեւ, 1 սելավ եւ այլն: