Խոսրովի պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը ոգևորությամբ է խոսում փրկարարների կատարած աշխատանքի մասին՝ չմոռանալով նաև գիշեր ու զոր փրկարաների հետ ուս ուսի աշխատած իր բնապահպան տղաների մասին. «Փրկարարների աշխատանքը գնահատում եմ ամենաբարձր մակարդակի մեջ: Թող շատ երկրների փրկարարներ սովորեն մերոնց կատարած աշխատանքից: Ես շատ շնորհակալ եմ և ամեն տեղ հպարտորեն նշում եմ, որ ունենք Դավիթ Տոնոյանի պես ԱԻ նախարար, որը հրդեհի բռնկման օրից մինչ այս պահը մեր կողքին է և բոլոր հարցերում աջակցում է, անգամ կրակ է շիջել: Ես տեսել եմ, թե ինչպես է այրված գերանն ուսով տեղափոխել անվտանգ տարածք: Ո՞նց կարելի է այդ մարդուն չգնահատել, չխոնարհվել ու չհպարտանալ որպես նախարարի: Նույնն էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մասին կարող եմ ասել, որ 25 լիտրանոց սրսկիչը դրել ուսին և 3 կմ ձորակներով ու լանջերով բարձրացել է, կրակ մարել»: Տնօրեն Հովակիմյանը նշում է նաև, որ արգելոցի որևէ կենդանատեսակ չի տուժել, արջերն ու մյուս գազանները հասցրել են տեղաշարժվել ու անվնաս մնալ: Հնարավոր է, որ միայն օձեր ու մանր կրծողներ տուժած լինեն դանդաղ տեղաշարժվելու պատճառով: Փրկարարները նույնպես որևէ կենդանու այրված կամ մոխրացած մարմին չեն տեսել: Իսկ այրված տարածքի մոտ 80 տոկոսը խոտածածկ է, անտառապատ մասը տուժել է, բայց համեմատաբար քիչ և հիմնականում վերականգնելի է: Հրդեհն ամբողջությամբ չի ընդգրկել այրված տարածքը, այլ տարածվել է մաս-մաս և առայժմ չեն կարող հստակ ասել, թե կոնկրետ որքան տարածք է հրո ճարակ դարձել: Տնօրենը նաև ավելացնում է, որ հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, պարզելու համար հետաքննություն է կատարվում: