Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է ավելի քան 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Աջափնյակ, Կենտրոն, Նոր Նորք, Արաբկիր, Ավան վարչական շրջանների և Արարատի փրկարարները:  Ջերմաստիճանի բարձրացման հետ ակտիվանում են օձերը: Բնակարանում հայտնված օձին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու վեց կանչ է սպասարկվել: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել:

Այլ կանչեր. Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Լուկաշինի 2-րդ փողոցում գտնվող Ջ.Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոցի տանիք գնդակ է ընկել,  իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ գնդակը դպրոցի հարևանությամբ գտնվող ծառի վրա է, իջեցրել են գնդակը և հանձնել տիրոջը: Էրեբունու փրկարարները ահազանգ են ստացել, թե հրդեհ է բռնկվել Նոր Արեշի 7-րդ փողոցի տներից մեկում: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Լարված վիճակում է եղել տան բնակիչներից մեկը, որին  հոգեբան-փրկարարը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Արագածոտնի փրկարարներն ահազանգ են ստացել մի քաղաքացուց, թե ինքը մոլորվել է Լեռնապար գյուղի մոտակայքում և մթության պատճառով չի կարողանում գտնել վերադարձի ճանապարհը: Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները Հարթավան գյուղի ավտոճանապարհին գտել են քաղաքացուն: Լոռեցի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Ալավերդի քաղաքի մարզադաշտի մոտակա գետում քաղաքացին արգելափակվել է քարերի արանքում, առկա է գետն ընկնելու վտանգ: Պարզվել է, որ քաղաքացին Դեբեդ գետի միջնամասում նստել է քարի վրա և չի կարողանում ափ դուրս գալ: Հրշեջ-փրկարարները 17-ամյա քաղաքացուն դուրս են բերել ափ: Իսկ վանաձորցի փրկարարները քաղաքի մարզադաշտի մոտակայքում չշահագործվող լողավազանն ընկած 33-ամյա քաղաքացուն են դուրս բերել և հանձնել բժիշկներին: