Նոյեմբերի 19-ին Երեւանում կայացավ Արմլիֆտինգի առաջնություն, որին մասնակցում էր նաեւ Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, մաս-ռեսթլինգի եւ ակադեմիական թիավարության մեդալակիր, փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության «Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի» հրշեջ-փրկարարական եւ ինժեներական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Աշոտ Հովհաննիսյանը: Նա միջոցառման կազմակերպիչներից էր:

Աշոտի խոսքով՝ այս մարզաձեւը տարածված է թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում, բայց գրեթե 5 տարի մեր երկրում մրցումներ չէին եղել: Աշոտը տեղեկացրել է բոլոր մարզասրահներին, պատրաստել պաստառները: Արդյունքում՝ 5 քաշային կարգում 22 փորձառու մարզիկ մրցեցին հաղթողի կոչման համար:

ՆԳՆ մարզիկը հանդես եկավ 90 կգ քաշային կարգում եւ 72,5 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Ասում է՝ այս սպորտն առավելագույն կենտրոնացում եւ մկանային ուժ է պահանջում, քանի որ ծանրաձողի կշռաքարերին ամրացված բռնակը պտտվում է, եւ պետք է կարողանաս այն հավասարակշռել մեկ ձեռքով:

Արմլիֆտինգը, մաս-ռեսթլինգն ու մյուս մարզաձեւերն իրականում միջոց են Աշոտի համար, որ ավելացնի իր հմտությունները ակադեմիական թիավարության սպորտում: Նոյեմբերի 26-ին փրկարար մարզիկը բարեգործական վազքի մարաթոնի է մասնակցելու:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Աշոտ Հովհաննիսյանը

Հ.Գ. Աշոտ Հովհաննիսյանի այլ հաջողությունների մասին կարդացեք.

ՃԿՊԱ ուսանողը՝ ակադեմիական թիավարության փոխչեմպիոն

Մեր մարզիկների հերթական հաղթանակները

2 ոսկի, 1 արծաթ. Մեր մարզիկները վերադարձել են հաղթանակով

Նոր հաղթանակներ ՆԳՆ աշխատակիցներից

ՃԿՊԱ շրջանավարտը՝ ակադեմիական թիավարության մրցաշարի առաջատար