Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ Սեյսմիկ պաշպանության տարածքային ծառայությունը տարիների համագործակցության փորձ ունեն։

ՍՊՏԾ սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետ Անի Գեւորգյանի խոսքով՝ մասնագետների եւ ուսանողների փոխադարձ այցեր են լինում։ Ուսանողները թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում ծանոթանում են ծառայության գործունեությանը, մասնավորապես՝ տվյալների հավաքագրման օպերատիվ կենտրոնի աշխատանքին. «Շատ հետաքրքիր հարցադրումներ են լինում, մենք էլ սիրով փոխանցում ենք մեր փորձը։ Պոտենցիալ ունեցող ուսանողներին առաջարկում ենք ավարտելուն պես աշխատանքի անցնել մեզ մոտ։ Վերապատրաստում ենք, ապա նա հանձնում է քննություն։ Սա շատ պատասխանատու աշխատանք է։ Ակադեմիայի շրջանավարտներ ունենք, որոնք մեր աշխատակիցներն են»:

Սեյսմիկ պաշպանության տարածքային ծառայությունը համագործակցում է նաեւ Հայաստանի մյուս ոլորտային բուհերի հետ։

Ուսանողների այցերը միշտ ուղեկցվում են բուռն քննարկումներով։ Վերջին տարիներին միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության շնորհիվ ՍՊՏԾ ազգային դիտացանցը համալրվել է նորագույն արտասահմանյան սարքերով ու սարքավորումներով, ինչը թույլ է տալիս հետեւելու իրական ժամանակում տվյալների ստացմանը, սեյսմիկ, երկրաֆիզիկական, երկրադինամիկական, գեոդեզիական եւ այլ պարամետրերով մշտադիտարկման գործընթացին։ Ուսանողներին ներկայացվում է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը, որտեղ տեղադրված սարքերը նույնպես ինտեգրված են ազգային դիտացանցում, իսկ տվյալները կիրառվում են վտանգավոր օջախային գոտիններում տեղի ունեցող փոփոխությունների վերլուծության համար, այդ թվում՝ Երեւանին սպառնացող օջախային գոտիները։ Այստեղ գործում է նաեւ համաշխարհային սեյսմոգրաֆիկ ցանցի «Գառնի» սեյսմիկ կայանը, որն օգտագործվում է միջուկային գաղտնի պայթեցումները գրանցելու եւ դրանց վերահսկողությունն ապահովելու համար՝ Միջուկային պայթյունների արգելակման համապարփակ համաձայնագրի (CTBTO) շրջանակներում:

Նորագույն սեյսմոմետրերի, աքսելերոգրաֆների, թեքաչափի եւ այլ թվային սարքերի շնորհիվ ուսանողները բացահայտում են քարտեզագրման, ակտիվ խզվածքների ուսումնասիրության, երկրաշարժերի կարճաժամկետ եւ երկարաժամկետ կանխատեսման նրբությունները եւ այլն։

Անի Գեւորգյանի խոսքով՝ շատ գովելի է տարբեր համալսարանների ուսումնական ծրագրերում սեյսմոլոգիայի ներառումը։ Իր հերթին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պատրաստ է կատարելագործել ոլորտով հետաքրքրված ուսանողների պրակտիկ գիտելիքը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի