Նոյեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվեց մանկավարժության տարբեր հարթությունների եւ առանձնահատկությունների վերաբերյալ հերթական դասախոսություն-քննարկումը՝ բուհի դասախոսների համար: Առաջին նման քննարկումը հոկտեմբերի 17-ին էր: Հիմնական բանախոսն էր ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում» ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը:

Շարքի երկրորդ դասախոսության հիմնական բանախոսը դարձյալ Հայկ Պետրոսյանն էր: Բանախոսը ներկայացրեց ուսուցման խոսքային, գործնական, զննական մեթոդների առանձնահատկությունները, դասավանդողի եւ դասավանդվողների միջեւ հետադարձ կապի առկայության կարեւորությունը: Դասավանդողը չպետք է միայն պատմի, բացատրի, տեսանյութերի կամ այլ միջոցների կիրառմամբ դասախոսություն կազմակերպի: Պետք է լսարանին հարցեր տա, լսի կարծիքներ, դերախաղեր կազմակերպի, լաբորատոր մեթոդը կիրառի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում աշխատի նաեւ գրքով: Ամեն մեկն իր առավելությունն ունի: Օրինակ տեսանյութերի միջոցով կարելի է բացատրել-ցույց տալ շատ դանդաղ կամ շատ արագ ընթացող գործընթացները, բարդ մեխանիզմի աշխատանքը: Գիրքը օգնում է հիշել այս կամ այն հայտնի սկզբունքը, ճշմարիտ խոսքը, ասացվածքը:

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը վստահ է, որ գիտելիքը շուտ է ծերանում կամ դառնում ոչ պիտանի, ուստի շարունակական զարգացումը պարզապես անհրաժեշտություն է:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ