Այս տարվա հունվարին ՃԿՊԱ-ում ներդրվեց փրկարարների վերապատրաստման նոր թեմա՝ էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ (ունեն լիցքավորվող շարժիչ, աշխատում են նաեւ նավթային վառելիքով) ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգություն: Հետո դրան ավելացվեց «Արեւային էլեկտրակայանների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման առանձնահատկությունները» թեման:

Այսօրվա դրությամբ, արդեն կազմակերպվել է այս թեմաներով վերապատրաստման 8 դասընթաց, որոնց մասնակցել է 120 փրկարար՝ խմբի պետեր եւ օղակի հրամանատարներ: Փետրվարին վերապատրաստվեցին Երեւանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից 60 փրկարար: Հունիսին` Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից 60 փրկարար:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Հովհաննես Բադալյանւ խոսքով, այս թեմայով վերապատրաստումները կշարունակվեն սեպտեմբերից հետո: Ամռան ամիսներին, բարձր ջերմաստիճանով պայմանավորված աճում է հրդեհների քանակը, նպատակահարմար չէ փրկարարներին ծառայությունից կտրել ու վերապատրաստման դասընթացներ կազմակերպել: Ըստ գնդապետի, ամենակարեւորը, որ տվեց այս դասընթացը փրկարարները չեն վնասվի ու արդյունավետ կիրականացնեն եւ հրդեհաշիջումը եւ անհրաժեշտության դեպքում՝ տուժած մարդկանց փրկությունը:

Վերապատրաստման թեմաները մշակած աշխատանքային խմբի անդամ, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Հովսեփ Բադալյանի կարծիքով, արդյունքները գոհացուցիչ են. փրկարարները տեսան արեւային կայանների եւ էլեկտրական մեքենաների կառուցվածքը, հրդեհաշիջման առանձնահատկությունները: Հովսեփ Բադալյանը նկատեց, որ վերապատրաստված փրկարարները չեն բավարարվում ստացած գիտելիքներով ու հմտություններով ու նոր հարցեր են բարձրացնում: Ի հավելումն, տեխնիկան մշտապես կատարելագործվում է: Ըստ այդ հարցերի եւ զարգացումների էլ վերապատրաստման ծրագրերը մշտապես կնորացվեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ