ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակույթի կենտրոնի 911 թատերախումբը Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցի աշակերտներին ներկայացրեց «Աղետիկը» երաժշտական բեմադրությունը: 1-4 դասարանների 100-ից ավելի երեխա ծանոթացան երկրաշարժի, հրդեհի դեպքում եւ այլ արտակարգ իրավիճակներում անվտանգության կանոններին: Փոքրիկ դերասանների խաղը գնահատվեց բուռն ծափահարություններով: Աշակերտները խանդավառությամբ դիտեցին անվտանգության կանոնների մասին բեմադրությունը եւ էլ չեն մոռանա 911 փրկության հեռախոսահամարը։ «Աղետիկի» փոքրիկ դերասանները հերթական անգամ խրատեցին.

«Աղետիկից» ինչքան հեռու թե դու մնաք,

Այնքան հանգիստ կմեծանաք:

Թող չլինեն արհավիրքներ,

Ու թե եղավ, մի հապաղեք,

911 զանգահարեք,

Կգանք, կօգնենք»:

Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են, նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորմանը նպաստելը:

«Աղետիկի» բեմելը կայացել է 2016 թվականի մարտին՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաների մասնակցությամբ՝ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի դպրոցում: Դրանից հետո բեմադրությունը խաղացել են թե ՃԿՊԱ ուսանողները, թե մշակույթի կենտրոնի սաները: Անցած երեք տարում «Աղետիկը» ներկայացվել է տարբեր հաստատություններում: Մասնավորաբար. «Կրթություն եւ կարիերա 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում, երեխաների իրավունքների պաշտպանության օրվա նվիրված միջոցառումների ժամանակ, «Զատիկ» երեխաների աջակցության  կենտրոնում, Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում, նույն մարզի Ձորաղբյուր գյուղի դպրոցում, ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնում», Երեւանի թիվ 15 մանկապարտեզում, Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը, հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում եւ այլուր:

Լուսանկարները տրամադրել է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակույթի կենտրոնը»