Մայիսի 4-հունիսի 14 ժամանակահատվածում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվեն ավարտական ամփոփիչ ատեստավորման քննությունները՝ ըստ մասնագիտությունների հաստատված քննական հանձնաժողովների կողմից, ժամանակացույցին եւ ամփոփիչ ատեստավորման կարգի պահանջներին համապատասխան:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով, ձեւավորվել է ՃԿՊԱ պետական ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողով, որում ընդգրկված են մասնագետներ ՃԿՊԱ-ից, այլ բուհերից, արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներից:

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով, ամփոփիչ ատեստավորման քննություններին կմասնակցեն բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի 250 ուսանող: Այս ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման 3 մասնագիտության («Կառավարում», «Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ») գծով՝ 60 ուսանող, հեռակա ուսուցման 5 մասնագիտության («Կառավարում», «Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Քաղաքացիական պաշտպանություն», «Տրանսպորտային եւ հրշեջ-փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում») գծով՝ 110 ուսանող: Միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությանը մասնակցում է  80 ուսանող՝ երեք մասնագիտության գծով՝ «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում», «Կառավարումն արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն»:

Նույն ժամանականահատվածում, մագիստրոսի կրթական ծրագրի հեռակա ուսուցման 3 մասնագիտության գծով՝ «Կառավարում», «Փրկարարական գործ», «Հոգեբանություն», մագիստրոսական թեզ կպաշտպանի 33 ուսանող:

«Ակադեմիայում ապահովված են քննական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հավելեմ, որ 2022-2023 ուսումնական տարվա համար դիմորդների ընդունելության գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ից: Հաջողություններ ավարտական կուրսերի ուսանողներին եւ բարի գալուստ դիմորդներին», – եզրափակեց պրոռեկտոր Ղարիբյանը: