Այսօր՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության արդի մարտահրավերները» խորագրով հանրապետական երիտասարդական գիտաժողով, որին մասնակցում էին ոչ միայն ՃԿՊԱ, այլ նաեւ Երեւանի պետական, Հայաստանի պետական մանկավարժական, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններից ուսանողներ:

Ողջունելով մասնակիցներին, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը ասաց, որ քաղաքացիական պաշտպանության ոլորտը բարդ է ու դժվար զարգացող, իսկ երիտասարդները պետք է բերեն նոր թափ, արագություն, մոտեցումներ, մտածողություն՝ սկսած ժամանակակից զենքերի խոցման ձեւերից պաշտպանությունից: Ռեկտորը հույս հայտնեց, որ ուսանողները բուհն ավարտելուց հետո էլ կշարունակեն ուսումնասիրել քաղաքացիական պաշտպանության հիմնախնդիրները:

«Քաղաքացիական պաշտպանության արդի մարտահրավերները» խորագրով հանրապետական երիտասարդական գիտաժողով Ներկայացվեց 13 զեկույց. «Կոլեկտիվներում ագրեսիայի դրսեւորման առանձնահատկությունները», «Քաղաքացիական պաշտպանության ժամանակակից մարտահրավերներն ու մեթոդները», «Սովորողի հոգեբանական անվտանգության հիմնախնդիրը ուսումնական հաստատությունում», «Վտանգի հոգեբանական գնահատում եւր կանխատեսում», «Ֆոսֆորային զինամթերքի անհատական պաշտպանության միջոցները» եւ այլն: Գիտաժողովում ներկայացված զեկույցներն արդեն հրապարակվել են առանձին ժողովածուով:

ՃԿՊԱ-ում անցկացվող գիտաժողովին զուգահեռ, Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիան» անցկացնում էր «Կանխարգելում, փրկություն, օգնություն» միջազգային գիտագործնական 12-րդ կոնֆերանսը, որին «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մասնագետները մասնակցում էին առցանց ձեւաչափով: Այս գիտաժողովի շրջանակներում կազմակերպված 24 սեկցիայում ներկայացվեցին տասնյակ զեկույցներ՝ «Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման որոշումների կայացման հարցերում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը», «Զինված բախումներից տուժածներին բժշկական օգնության տրամադրման տեղեկատվական ապահովումը», «Ցանցային տեխնոլոգիաների կիրառումը ռոբոտտեխնիկական համակարգերի կառավարման մեջ», «Օդի աղտոտվածության գնահատման մեթոդներ», «Մետաղական կառուցատարերի

հրդեհային պաշտպանությունը», «Քիմիական պաշտպանության իրավական ապահովման արդիական հարցեր», «Արտակարգ իրավիճակի գոտու հետախուզման քայլող ռոբոտտեխնիկական թեթեւ համակարգեր» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ