Այսօր պրոֆեսիոնալ ուժային սպորտում հայ աղջիկները քիչ են։ Նրանցից է Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» սան, ծնունդով բագրատաշենցի, 21-ամյա բռնցքամարտիկ Ջուլիետա Մարգարյանը, որը հունվարին կայացած Հայաստանի բռնցքամարտի առաջնության արծաթե մեդալակիրն է։ Նախորդը 2021 թվականին նույն առաջնության հաղթողի տիտղոսն էր։ Արդեն 6 տարի պրոֆեսիոնալ սպորտով է զբաղվում։ Անկեղծանում է՝ դպրոցական տարիներին իրեն շատ էին նեղացնում, եւ հայրը որոշեց բռնցքամարտի դասերի տալ՝ ինքնապաշտպանություն սովորելու նպատակով։ Աստիճանաբար զբաղմունքը դարձավ կենսակերպ։

«Բռնցքամարտն ուրիշ է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից։ Այս սպորտաձեւում էականը հարվածելը չէ․ պետք է միտքդ զարգացնես, գրքեր կարդաս՝ լինի մասնագիտական թե գեղարվեստական։ Շախմատի նման է․ մի անզգույշ քայլ, եւ ամեն ինչ որոշված է»- ասում է Ջուլիետան։

Իր մրցակիցների ելույթներին ու տեխնիկային նախապես չի հետեւում, պարզապես մարտական ոգով դուրս է գալիս մենամարտի։ Ռինգից ներս ու դուրս աջակցում է մարզիչը՝ Գեւորգ Հովհաննսիյանը։ Աղջիկը ժպիտով հիշում իր վերջին հաղթանակը, երբ մարզիչը պայման էր դրել, որ պարտվելու դեպքում կզրկվի պարապմունքներին հաճախելու հնարավորությունից: Հաղթեց՝ այլընտրանք չուներ։

Դասերից հետո՝ պարտադիր վազք։ Սեւան քաղաքում, որտեղ այժմ ապրում է Ջուլիետան, անցորդները հաճախ խեթ են նայում նրան․ սովոր չեն կին վազորդ տեսնել։ Երիտասարդը չի հուսահատվում, իր առջեւ դրված նպատակներին հաստատակամ ընդառաջ է գնում։ Պարապում է Սեւանի մշակույթի պալատում, որտեղ ձմռանն անտանելի ցրտից զգում ես շնչառությունդ, եւ հնարավոր է մկանների վնասվածք ստանալ։ Չնայած դրան՝ մեծ երազանք ունի՝ առաջիկա՝ 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելը։

Սպորտում անուն վաստակելը դժվար է, խանգարող մարդիկ ու հանգամանքները՝ շատ։ Հոգեբանական ճգնաժամեր լինում են, սակայն կարողանում է արագ վերագտնել իրեն։ Այդ հարցում օգնում է իր ամենասիրելի մարզիկների՝ Վասիլիյ Լոմաչենկոյի եւ Սաուլ Ալվարեսի կենսափորձը։ Նրանցից շատ հնարքներ է սովորել, առաջին հերթին՝ ոտքերի ճիշտ աշխատանքը։ Ջուլիետայի խոսքով՝ ոչ պակաս կարեւոր է մարդկային գործոնը։ «Միգուցե Մուհամեդ Ալին լավ մարզիկ էր, սակայն դա նրան իրավունք չի տալիս հակառակորդին խփել ու վիրավորել, ծաղրել մարզչին։ Պետք է հասարակ մնալ․ ինչ ունես ասելու՝ ռինգում ասա՛։ Կին մարզիկներից սիրում եմ Սյուզի Կենտիկյանին, ափսոս արդեն թողել է պրոֆեսիոնալ սպորտը։ Ընդհանրապես կանանց բռնցքամարտում մրցավարները հաճախ անարդար են դատում, վերապահումով։ Այս ամենը պետք է փոխվի»,- մանրամասնում է մարզիկը։

Փրկարարի մասնագիտությունն ընտրել է անսպասելի․ դրանում թե՛ մարդասիրական ձգտում կա, թե՛ ինչ-որ չափով ադրենալին։ Բուհում ստացած գիտելիքը երբեք ավելորդ չէ․ պատահել է, որ մրցակցի քթային առատ արյունահոսությունը դադարեցնելու կարիք է եղել։ Բուհն ավարտելուց հետո իրեն ջրափրկարարի համազգեստով է պատկերացնում։

Ազատ ժամանակ կարդում է․ նախընտրում է Ռեմարկ, սիրային գրականություն։ Ասում է՝ տարիքի հետ թեմատիկ ընտրությունը չի փոխվել, ինչպես դասական երաժշտության հանդեպ իր անսպառ սերը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ․Գ․ Զարմանալի է, թե ինչպես է մարդ կարողանում կյանքի հակասական թվացող երեւույթները համադրել ու իր ուրույն անկյունը ստեղծել։ Այդպիսին է պայքարող, բայց միաժամանակ նրբազգաց ու ռոմանտիկ Ջուլիետայի աշխարհը։