Տեղեկացրել ենք,  որ Ռուսաստանի դաշնության Թաթարստանի հանրապետության Տետյուշի քաղաքի քաղաքացիական պաշտպանության պետական քոլեջի նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին անցկացված «Տեխնիկական անվտանգություն եւ բնապահպանական կառավարում» թեմայով տարածաշրջանային առցանց օլիմպիադային մասնակցում էր նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների մեկ թիմ՝ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երրորդ կուրսի սովորողներ Զարուհի Հովհաննիսյան, Էլեն Տիգրանյան, «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երրորդ կուրսի սովորող Շուշաննա Մկրտումյան: ՃԿՊԱ թիմին նախապատրաստում էր ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի փրկարարական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ներսեսյանը:

Օլիպիադան սկսվել է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Այնուհետեւ ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմագիտության թեկնածու, դոցենտ Վահագն Կրբեկյանը մասնակիցներին է ներկայացրել ՃԿՊԱ համառոտ պատմությունը՝ ստեղծում, անցած ճանապարհ, ձեռքբերումներ, ներկա:

Առցանց օլիմպիադային ժամանակ մասնակիցները պետք է պատասխանեին 35 հարցի. ի՞նչ է երկրաշարժը, որոնք են սննդային թունավորման ընդհանուր նախանշանները, քիմիական զենքի տեսակները, ի՞նչ պետք է անել ջրհեղեղի ժամանակ, նախքան փրկարարների ժամանելը, խարույկների տեսակները եւ այլն:

ՃԿՊԱ ներկայացուցիչները 80 տոկոսանոց արդյունքով զբաղեցրել են երրորդ տեղը: Սա ակադեմիայի սովորողների առաջին մասնակցությունն էր նման օլիմպիադայի, ուստի այս արդյունքը վատ չէ:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ