ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, հունիսի 17-ից հուլիսի 2-ը Սեւանա լճում անցկացվում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարների վերապատրաստման դասընթաց՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար, ստորջրյա կողմնորոշում եւ ստորջրյա արագընթաց լողի ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտակ Էլմասակյանի գլխավորությամբ։

Մասնակցում է 16 հոգի ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական, Սեւանի հատուկ ջրափրկարական, Սիսիանի եւ Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Դասընթացի պլանով նախատեսված են հետեւյալ պարապմունքները. «Ջրասուզական գործ՝ նպատակը, առաջադրանքները, ընդհանուր հիմունքները, կարճ տեղեկություններ մարդու անատոմիայի, ֆիզիոլոգիայի մասին», «Ջրասուզական դիմակնոց, լողաթաթեր, շնչախողովակ, ծանրագոտի, ստորջրյա ժամացույց, խորաչափ, ստորջրյա լապտեր, ջրասուզական դանակ, ջրասուզական ստորջրյա համակարգիչ», «Հնարավոր ջրասուզական մասնագիտական հիվանդությունները, դրանց կանխումը եւ առաջին օգնությունը դրանց առաջացման դեպքում», «Թիավոր նավակի թիավարում, ստորջրյա որոնողական աշխատանքների ժամանակ ջրասուզակի ուղղորդում թիավոր լողամիջոցներով», «Անվտանգության ապահովվումը, գործնական ջրասուզական պարապմունքների եւ աշխատանքների ժամանակ», «Պարզագույն առասանային (պարանային) աշխատանքներ» եւ այլն:

Արտակ Էլմասակյանի խոսքով՝ դասընթացն ունի տեսական ու գործնական մաս։ Պարապմունքների ավարտին ջրափրկարարները կհանձնեն քննություն ու կստանան արտոնագրեր։ «Գործնականը ներառում է արտահագուստ հագնելը, նշված կետին հասնելը եւ «թիրախը» գտնելը։ Բոլորն անխտիր կատարում են վարժությունը, մի փոքր թերանում են սկսնակները, որոնք ափ են վերադառնում զիգզագաձեւ ճանապարհով։ Ընդհանուր առմամբ՝ արդյունքը գոհացուցիչ է»,- ասաց մասնագետը։

Սեւանա լիճ մեր այցելության օրն ալիքաշատ էր, սակայն սուզումները չդադարեցվեցին։ Էլմասակյանը նշեց՝ պետք է ամեն եղանակի պատրաստ լինել։ Հայաստանում 200-ից ավելի ջրատարածք կա, որտեղ հնարավոր է ջրահեղձվել։

Խոսեցինք նաեւ գույքի համալրման անհրաժեշտությունից․ «Գյումրիի ու Սիսիանի թիմերում կայացած ջրասուզակներ են, միայն թե գույք-հանդերձանքի պակասը թույլ չի տալիս նրանց լիարժեք աշխատել։ Մեր օրերում ջրափրկարարական գույքը զարգանում է «տիեզերական» արագությամբ։ Օրինակ՝ սլաքով խորաչափի փոխարեն այսօր էլեկտրոնային է օգտագործվում։ Ակտիվ ջրափրկարարական աշխատանքներում պարբերաբար համալրումը ցանկալի է, իսկ հին գույքը կարող է տրամադրվել ուսանողներին»։

ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Ալբերտ Մարտիրոսյանը մանրամասնեց՝ տարեսկզբից բավական ջրահեղձության ահազանգեր են ստացել․ դեպքեր են եղել Երեւանյան լճում, Հրազդանի կիրճում, Սիսիանի ջրամբարում եւ այլն։ Բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ Սեւանա լիճը մարդաշատ է դեռ հունիսի սկզբից։ Ի պատասխան հարցին, թե որքանով են հանգստացողները լսում փրկարարների՝ անվտանգություն պահպանելու հորդորները, Ալբերտ Մարտիրոսյանն ասաց․ «Արտակարգ դեպքերի վիճակագրությունը գրեթե նույնն է։ Կարծում եմ՝ ջրային տարածքներում հսկողությունը պիտի ավելացվի, սահմանվի լրացուցիչ հերթապահություն»։

Այս տարի ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի եւ Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյանի նախաձեռնությամբ ջրասուզական ջոկատին հնարավորություն է տրվել սուզումներ կատարել Դավիթաշենի լողավազաններից մեկում, ինչը կոփում է տղաներին։

Օրը խորհրդանշական էր հատկապես փրկարար Արման Օհանյանի համար, որի առաջին պրոֆեսիոնալ սուզումն էր։ Երկու տարի Սիսիանի ջոկատում է ծառայում, որոշել է նաեւ որպես ջրափրկարար հմտանալ։ Լավ լողորդ է, մանկուց գիտի տեղի լճերն իրենց խորություններով։ «Սուզվելը դժվար չէ, պետք է կարողանաս ջրի տակ կարգավորել գործողություններդ։ Առաջին անգամ փորձառու սուզորդի հետ էի, հաջորդը մենակ կլինեմ։ Կարեւորը՝ սիրել այն, ինչ անում ես, եւ ցանկացած աշխատանք հետաքրքրիր կդառնա»,- վստահեցրեց երիտասարդը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ