«ՕքսԵՋեն» երիտասարդների եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Համատեղ ուժերով կազմակերպվել է խաղերի միջոցով անվտանգության ուսուցում նախադպրոցական հաստատություններում, գործարկվել է «Դիմակայունություն» գրադարանը, անցկացվել են թեմատիկ դասընթացներ  եւ այլն։

Ներկայումս հիմնադրամը «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Սեքսիզմի դրսեւորումները հանրային տիրույթում եւ խոսքում» խորագրով աշխատաժողովների շարք լրագրողների եւ բլոգերների հետ։ Հերթականը կայացավ հունիսի 29-ին Հետք մեդիա գործարանում, որին ներկա էին գործող լրագրողներ եւ տարբեր բուհերի ուսանողներ, այդ թվում՝ ՃԿՊԱ-ից։ Նպատակն էր համատեղ ուժերով գտնել սեռի հիմքով խտրական խոսքի դրսեւորումների խնդրի լուծումներ, որոնք կօգնեն կանխել խտրական խոսքը եւ հաղթահարել գենդերային կարծրատիպերը մեդիայում ու հանրային տիրույթում:

WomenNet.am կայքի խմբագիր Թամարա Հովնաթանյանը խոսեց սեքսիզմի տեսակներից, այն ճանաչելու մեխանիզմներից, օրենսդրական բացերից, մեդիայում դիտումներ հավաքելու համար խտրական վերնագրերի օգտագործումից եւ այլն։ Քաղաքականության մեջ սեքսիզմի դրսեւորման լավագույն օրինակ. Հայաստանի 502 համայնքից միայն 9-ի ղեկավարն է կին, իսկ 282 համայնքի ավագանիում ընդհանրապես կին չկա, Երեւանում վերջին տարիներին վարչական բարձր պաշտոնները զբաղեցրել են բացառապես տղամարդիկ։ Միայն 2020 թվականին փոխքաղաքապետ է նշանակվել կին։ Թեեւ Հայաստանում սեքսիզմն արգելված է օրենքով, բայց խտրական արտահայտությունները հազվադեպ չեն։ Լավագույն դեպքում հանրային ճնշման եւ պարսավանքի ազդեցությամբ անձը դիմացինից ներողություն է խնդրում, սակայն տուգանքի կամ պաշտոնական լիազորությունների սահմանափակման նախադեպ դեռ չի գրանցվել, ինչպես սովորաբար արվում է առաջադեմ երկրներում։

Ampop.am կայքի խմբագիր Սուրեն Դեհերյանը ներկայացրեց հեռուստաեթերում եւ լրատվական կայքերում խտրականության եւ բռնության վիճակագրությունը, որը մշակվել է 2019 թվականի նոյեմբերի 4-10 ժամանակահատվածում փրայմ-թայմ ժամերին ներկայացվող հաղորդումների եւ լրատվական նյութերի հիման վրա։ Ընտրվել է մեծ լսարան ունեցող 3 հեռուստաընկերություն եւ 3 ինտերնետային լրատվամիջոց։

Մասնագետը մատնացույց արեց հատկապես հայկական սերիալներում հանդիպած բառամթերքն ու կարծրատիպային արտահայտությունները, որոնք բռնության արդարացման միտում ունեն։ Օրինակ՝ «Նորմալ աղջիկ չեմ կարողանում ճարեմ, որ ամուսնանամ», «Սկզբից պիտի մեծը պսակվի», «Վահագն իրա ամուսինն ա ու իրավունք ունի պատժելու», «Կինարմատ» եւ այլն։ Կինը հիմնականում ներկայացված է ճնշված, նվաստացած, դավաճանված, բռնության հանդեպ լուռ, որոշում կայացնելուց զուրկ կամ հակառակը՝ ինտրիգներ հյուսող:

Հեռուստաեթերի եւ լրատվական կայքերի մշտադիտարկման արդյունքներով՝ յոթ օրվա ընթացքում կանանց ներկայացվածությունը լրատվական կայքերում եղել է 20, հեռուստաեթերում՝ 15 տոկոս։ Լրատվական կայքերում մեծ տոկոս են կազմում շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին ժամանցային անդրադարձները, որը գրեթե հավասար է կինը՝ որպես հանրային անձ, հասարակական գործիչ եւ քաղաքական գործիչ բաղադրիչների տոկոսային գումարին։

Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում բարձր որակավորմամբ մասնագետների 57 տոկոսը կանայք են, սակայն լրատվական կայքերում նրանք ներկայացվել են երեք անգամ պակաս, քան տղամարդիկ, եւ 15 անգամ պակաս, քան տղամարդ քաղաքական գործիչները։ Հեռուտաեթերում կանայք ներկայացվել են երկու անգամ պակաս, քան տղամարդիկ, իսկ կին քաղաքական գործիչ ընդհանրապես չի ներկայացվել։

Մշտադիտարկման արդյունքում բացահայտվել են հետեւյալ խնդիրները՝

· Բովանդակային․ լրատվամիջոցներն ավելի շատ տեղ են տալիս օպերատիվ լրատվությանն ու քանակական ապահովմանը։

· Բազմազանության բացակայություն․ Հրապարակումները կառուցվել են հիմնականում մեկ աղբյուրից ստացած տեղեկատվությամբ։ Շատ դեպքերում պարզապես արտատպվել են սոցցանցերում օգտատերերի հնչեցրած մտքերը՝ առանց հավելյալ պարզաբանումների։

· Հեղինակների բացակայություն․ մեկ տասյակից ավելի հայկական լրատվամիջոցներում հեղինակները չեն ստորագրում իրենց հպապարակումների տակ։

· Ծայրահեղ քաղաքականացված միջավայր․ խմբագրական քաղաքականությունը հաճախ հանգեցնում է խտրականության, ատելության խոսքի, անձը նսեմացնող տեղեկատվության։

Մեկ այլ հետազոտություն էլ կատարվել է 2021 թվականի ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում։ 2019 թվականի համեմատ՝ նախընտրական Հայաստանում մոտ 44,6 տոկոսով ավելացել էր սեռի հիշատակմամբ նյութերի թիվը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի