եպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է

Դժվարին իրավիճակներում համապատասխան հոգեբանական խորհրդատվության, հուզական աջակցության ցուցաբերման նպատակով 2014 թ. ՀՀ ԱԻՆ «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոնում բացվեց նոր շուրջօրյա անվճար հեռախոսային հոգեբանական խորհրդատվական ծառայություն: Գլխավոր նպատակն էր բնակիչներին հուզական աջակցության ցուցաբերումը և հոգեբանական խորհրդատվության տրամադրումը:

Ծառայությունը գործում է՝ հիմնվելով գաղտնապահության, անանունության, մարդասիրության, անշահախնդրության, հանդուրժողականության, մարդու ազատության հիմնարար սկզբունքների վրա:

2003թ. ի վեր սեպտեմբերի 10-ը ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է որպես Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր: ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությունն այս խնդրի հետ կապված զգալի փորձ ունի և ներկայացնում է խորհուրդներ, որոնք կարող են օգնել կանխելու սուիցիդալ ռիսկը:

Ինքնասպանությունն արտաքին կամ ներքին դրդապատճառների ազդեցության տակ սեփական կյանքի կանխամտածված ընդհատումն է: Այն հաճախ իրականացվում է գիտակցության նեղացած վիճակում կամ հալյուցինացիաների, զառանցական մտքերի ազդեցության տակ: Ինքնասպանությունը հոգեբանական ապահարմարման արդյունք է, երբ անձը հոգեկանի ախտաբանական կամ սահմանային վիճակում ներքին կամ արտաքին ազդակներից դրդված դիմում է լետալ ավարտով ինքնակործանիչ գործողությունների՝ այն դիտարկելով որպես իրավիճակից դուրս գալու ելք, դիմացինին պատժելու միջոց կամ ուշադրություն գրավելու եղանակ:

Սուիցիդալ ռիսկը մեծ է հետևյալ խմբերում.

• փախստականներ, ազգային փոքրամասնություններ,
• հոգեկան, ծանր կամ խրոնիկ մարմանական հիվանդություններով տառապող անձինք,
• հարբեցողությամբ, թմրամոլությամբ տառապող անձինք,
• անչափահաս և ծեր անձինք,
• ծանր կորուստ ապրած, ընտանեկան, ֆինանասական խնդիրներ ունեցող անձինք,
• նախկինում սուիցիդալ փորձ կատարած անձինք և այլոք:

Հայտնի հոգեբույժ Ա. Լիչկոն առանձնացնում է սուիցիդալ վարքի 3 հիմնական տեսակ.

դեմոնստրատիվ (ցուցադրական)` սուիցիդի այս տեսակը հանդես է գալիս որպես սեփական անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց,
աֆեկտիվ` երբ գերակայում է հուզական պահը,
իրական` երբ դոմինանտում է մեռնելու ցանկությունը:

Ինքնասպանություն իրականացրած մարդկանց 80%-ը նախքան ինքնասպանություն գործելն իրենց մտադրությունների վերաբերյալ կարևոր ազդանշաններ են ուղարկում (խոսքային, վարքային), որոնք հանդես են գալիս որպես նախազգուշացում կամ օգնության ճիչ: Անձի հետ սուիցիդալ մտադրությունների քննարկումը նպաստում է նրա ներքին լարվածության թուլացմանը, ինչը կարող է ինքնասպանության կանխարգելման առաջին քայլը դառնալ:

Մարդու՝ ինքնասպանության գործելու մտադրության մասին կարող են հուշել.

• ընկճվածությունը, տագնապայնությունը, թախծոտ տրամադրությունը,
• թուլությունը, հոգնածությունը, քնկոտությունը,
• մղձավանջային երազները,
• արտաքինին, հիգիենայի կանոններին չհետևել,
• մահվան և ինքնասպանության թեմայով գրականության և հաղորդումների նկատմամբ հետաքրքության դրսևորումը,
• ողբերգական և տխուր երաժշտության հաճախակի ունկնդրումը,
• կտակի հետ կապված հարցերի վճռումը, նախասուիցիդալ երկտողների կազմումը և այլն:

2017 թ. ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվա կարգախոսն է՝ Տրամադրե՛ք րոպե, փոխե՛ք կյանք: Օգնության ձեռք մեկնելը, դիմացինին ոչ քննադատաբար լսելու ունակությունը և, ընդհանրապես, անտարբերության բացակայությունը կարող են էական նշանակություն ունենալ ևս մեկ կյանքի փրկության հարցում: