ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համաձայնագիր են ստորագրել Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018 թվականների համագործակցության վերաբերյալ:  Համաձայնագիրը ստորագրել են ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը, Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանությունն ու պատրաստվածությունը: Նախատեսվում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում գործող ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերում, համայնքների մանկապարտեզներում և դպրոցներում կազմակերպել առաջին բուժօգնության, աղետների ժամանակ վարքականոնների, միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դասընթացներ:  «Սահմանամերձ համայնքներում բնակչության պաշտպանությունն ու պատրաստվածությունը յուրահատկություններ ունեցող ոլորտ է, և շատ կարևոր է, որպեսզի բնակիչները պատրաստված լինեն տարատեսակ արտակարգ իրավիճակներին արձագանքելուն: Սա իրական աջակցություն է համայնքներին, վերջիններիս դիմակայունության բարձրացման հարցում»,- համաձայնագիրը ստորագրելիս ասել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: