24 Ժամ միասին. ջոկատում և տանը

Լուսանկարում Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներ Լուսինեի ու Սարոյի ընտանիքն է: Ամուսինները շուրջ 10 տարի է՝ միասին են ծառայում ջոկատում, Սարոն՝ որպես հրշեջ-վարորդ, իսկ կինը՝ Լուսինեն, 8 տարի որպես օպերատոր, վերջին երկու տարին՝ հրշեջ-փրկարար: Ավելին՝ Լուսինեն ջոկատի միակ կին հրշեջ-փրկարարն է, և ինչպես ինքն է ասում, ամուսնու խորհրդով ու ոգեշնչմամբ է այդ գործին անցել, ինչի համար երբևէ չի զղջացել: Սարոն ջոկատում ավելի հնաբնակ է՝ 17 տարվա աշխատանքային փորձով, քան կինը, որը 10 տարի առաջ է ընդունվել աշխատանքի, երբ մեծ դուստրը՝ Աննան, արդեն 4 տարեկան էր: 24 ժամ շարունակ՝ տանը, դրսում, թե ջոկատում ամուսիններն ապրում ու աշխատում են սիրո և համերաշխ մթնոլորտում: «Միասին դեպքերի ենք  ահազանգում, պարապմունք-մարզումների մասնակցում, կոլեկտիվով մի կտոր հաց ուտում, ընտանիքով բնության գիրկ մեկնում, զբոսնելու և հանգստի մեկնում… այսպես տարիներ շարունակ»,- մեզ հետ զրույցն այսպես է սկսում փ/ծ սերժանտ Սարո Գասպարյանը՝ հավաստիացնելով, որ իրար հետ երկար ժամանակ կիսելով, դեպքի վայրում միմյանց համար անհանգստանալով և օգնության հասնելով ավելի ու ավելի են ամրացրել իրենց միությունը:

Հետաքրքիր է Լուսինեի ու Սարոյի ծանոթության պատմությունը: Սարոն դեռ ծառայում էր Հայոց բանակում, երբ նրա ծնողները մի օր  հիվանդատեսի գնալիս նույն հիվանդասենյակում պատահաբար տեսել են մեկ այլ հիվանդի խնամող Լուսինեին, աչք դրել նրա վրա և մտովի զբաղեցրել իրենց որդու համար: Սարոյի ծնողների ցանկությունն ի վերջո կատարվեց. մոտ մեկ տարի անց բանակից վերադարձած որդուն ու Լուսինեին ծանոթացնում են, որոնք էլ հավանում են միմյանց և նույն տարում ամուսնանում: Նորաստեղծ փոքրիկ ընտանիքում հետագայում ծնվում են նրանց երկու աղջիկները: Լուսինեի մեծ աղջիկը՝ Աննան, 14 տարեկան է, պարի ու երաժշտության սիրահար է, իսկ փոքրը՝ 5-ամյա Մարինան, ամեն օր կռիվ է տալիս մոր աշխատավայրում ժամեր անցկացնելու համար, հետևում աշխատող մայրիկին և պահանջում իր համար նույն համազգեստից փոքր չափը կարել: Թե ինչ դերակատարում կունենա ջոկատում անցկացրած օրերն աղջկա հետագա մասնագիտության ընտրության հարցում՝ ժամանակը ցույց կտա: Մայրը չի շտապում ոչինչ կանխատեսել, ասում է՝ հավանություն կտա աղջկա ցանկացած ընտրությանը: Իսկ ինքը կշարունակի լավագույն օրինակը լինել աղջիկների համար:

Ամուսինները վերջերս երկարամյա անբասիր ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար արժանացել են «10 տարի անբասիր ծառայության համար» հուշամեդալով, ինչն ավելի է ոգեշնչել և մեծացրել նրանց նվիրվածությունը սիրած գործի հանդեպ:

Լուսինեն խոստովանում է՝ շատերի համար փխրուն կնոջ ուժերին անհամատեղելի թվացող հրշեջ-փրկարարի գործը հաճույքով է անում: Դժվարությունների շատ քիչ է բախվել, գործընկերները ամենաբարդ իրավիճակներում գործի ծանր բեռն իրենց վրա են վերցնում: «Խոշոր հրդեհներին չեն թողնում մասնակցել, բայց փոքր դեպքերի ժամանակ նկարահանումներ եմ անում, կապը հաստատում դեպքի վայրից: Երբեմն հարցնում են, թե ինչպես եմ աշխատում տղաների հետ, բայց երբ բացատրում ես, թե ինչ հարգանքով ու մեծահոգությամբ են վերաբերվում՝ հասկանում են: Ես ինձ չեմ պատկերացնում այլ կոլեկտիվում ու այլ գործի մեջ: Մի ընտանիքի պես ենք, բոլորս էլ իրար հարազատ դարձած…».- ասում է փ/ծ ավագ սերժանտ Լուսինե Ալեքսանյանը: Նրա ծառայության ժամանակ ինչպես դժբախտ դեպքերն են շատ եղել, այնպես էլ զավեշտալի ահազանգերի հետքերով են գնացել, օրինակ, խնդրել են կարտոֆիլի ցանքատարածությունից հեռացնել այգին «ավերող» շանը և այլն: Հիշում է՝ 6-7 տարի առաջ հրդեհի բռնկման ահազանգ էին ստացել, երբ դեպքի վայր են հասել, տեսել են 70-80 տարեկան քույր ու եղբայր հրդեհվող տան մեջ այրվել են: Շատ ծանր է տարել այդ լուրը, մինչև օրս չի կարողանում ջնջել իր հիշողությունից, միևնույն ժամանակ փորձում է ուժեղ գտնվել և հնարավոր խիզախությամբ կրել համազգեստը:

Մեր զրուցակիցը մեծացել է կիրթ ու սիրով շրջապատված ընտանիքում: Մայրը սրբագրիչ է, հայրը՝ հաշվապահ, իսկ ինքը մասնագիտությամբ մանկավարժ է և նախքան փրկարարի ուղին բռնելը որոշ ժամանակ մանկապարտեզում դաստիարակաչուհի է աշխատել: Իսկ Սարոն մեծացել է փրկարարի ընտանիքում՝ մայրն ու հայրը երկար տարիներ աշխատել են փրկարարական ծառայությունում, նույնիսկ պապը, հորեղբայրներն ու նրանց որդիներն են փրկարարի համազգեստ կրել: «Մայրս ու հայրս ինձ համար միշտ լավ օրինակ են եղել: Հայրս՝ 37 տարի վարորդ, իսկ մայրս 25 տարի օպերատոր է աշխատել ԱԻՆ համակարգում: Պապերից եկած ավանդույթը հիմա էլ ես եմ շարունակում, պարտադիր պետք է տղա ունենամ, որ ինքն էլ իր հոր գործը շարունակի: Այժմ մեր ազգից 7 հոգի փրկարարական ծառայությունում են աշխատում»,- պատմում է փ/ծ սերժանտ Սարո Գասպարյանը և հավաստիացնում, որ վարորդի գործը պակաս կարևոր ու պատասխանատու չէ, նրանից է կախված փրկարար ուժերին արագ տեղ հասցնելն ու ժամանակին օգնություն ցուցաբերելը:

Ասում է՝ դեպքի վայրում տղաների հետ հավասար գործի է անցնում, խոշոր հրդեհների ու լուրջ վթարների դեպքում ևս միանում օգնության: Իսկ Մարտունիում ամենաշատը վթարներ, իսկ ամռան սեզոնին՝ խոտհնձի ժամանակ, հրդեհների դեպքեր են շատ գրանցվում: Ծառայությունից բացի նաև շինարարությամբ է զբաղվում, հիփոթեքով տուն են գնել, պետք է հասցնի վերանորոգել, մերձակայքը բարեկարգել և ընտանիքին նոր տուն տեղափոխել: Այժմ ապրում են 10 հոգանոց ընտանիքում՝ ծնողների ու եղբոր ընտանիքի հետ: Ապագայի ամենամեծ ցանկությունն է սեփական անկյունում ապրելը, երեխաներին բարեկեցիկ կյանքով ապահովելը և, իհարկե, որդի ունենալը: Իսկ մինչ այդ կշարունակեն միասին անցնել սիրո ու հարգանքի վրա հիմնած փրկարար ընտանիքի երկար ու պատասխանատու ճանապարհը՝ հաղթահարելով դժվարություններն ու այն լցնելով հաճելի, անմոռանալի պահերով:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ