Այրվել է ավելի քան 100 հեկտար բուսածածկ տարածք

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 400 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է մոտ 120 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 120 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Աջափնյակ, Նոր Նորք, Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների և Լոռու ու Արագածոտնի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 10 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Գետերի և ջրամբարների ափերին արգելափակված մեքենաներն են դուրս բերվել երթևեկելի հատված: Բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ դեռ շատ են բուսածածկ տարածքների հրդեհները: Այս շաբաթ բուսածածկ տարածքների խոշոր հրդեհներ են գրանցվել Շիրակի մարզի Բագրավանի երկաթգծի կայարանի մոտակայքում՝  մոտ 5 հեկտար, Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում՝  մոտ 7 հեկտար, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի մոտակայքում՝ մոտ 10 հեկտար, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մատույցներում՝ 20 հեկտար, Կոտայքի մարզի Ակունք և Զառ գյուղերի միջնամասում՝ մոտ 60 հեկտար և այլն: Երևանի Հաղթանակ թաղամասի աղբավայրի հրդեհի մասին՝ երրորդ էջում:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե 32-ամյա մի կնոջ մատանին մատից դուրս չի գալիս, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները հանել են մատանին: Արարատի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Արևշատ գյուղի ջրատարում մարդու մարմնի առանձին մասեր կան: Փրկարարները պարզել են, որ հայտնաբերվածը կենդանու լեշի մնացորդներ է: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Երևան-Զովունի ավտոճանապարհին գառներն ընկել են դիտահորը: Հրշեջ-փրկարարները գառներին դուրս են բերել դիտահորից: Իսկ սյունեցի փրկարարները Կապան քաղաքի գործարանային փողոցում  սելավատարն ընկած կովին են հանել և հանձնել տիրոջը: Արմավիրի փրկարարները Գայ գյուղից վիրավոր արագիլին տեղափոխել են Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Չարենցավան քաղաքի մի բնակիչ իր բնակարանում փորձում է վնասել իրեն: Պարզվել է, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ է: