Հոգեվիճակը կատարած աշխատանքով է գնահատվում

«Փրկարար լինելը հոգեվիճակ է, ոչ թե աշխատանք»,- այս համոզմունքն ունի Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արտյոմ Ստեփանյանը: Սակայն համոզմունք դարձած հոգեվիճակը հենց կատարած աշխատանքով է գնահատվել որպես շոշափելի իրողություն. փ/ծ մայորը 2016-ին արժանացել է «Լավագույն հրշեջ-փրկարար» կոչման, իսկ մինչ այդ՝ 2015-ի սեպտեմբերի 4-ին, որ մեր հանրապետությունում նշվում է որպես «Փրկարարի օր», պարգևատրվել է ԱԻ նախարարության պատվոգրով: Մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժանքներին, իսկ մինչ այդ Ֆրանսիայի Մարսել քաղաքում վերապատրաստման դասընթացներ է անցել՝ ստանալով առաջին բուժօգնության հրահանգչի արտոնագիր:

Հրամանատարի տեղակալը փրկարարի ուղին սկսել է Երևանի թիվ 5՝ Արաբկիրի ջոկատից 2000 թվականին, նախ՝ որպես շարքային հրշեջ, հետո՝ ավագ, օղակի հրամանատար: 2005-ին ստանալով սպայական կոչում՝ նշանակվել է հերթափոխի պետ: Իսկ 2016-ի մայիսի 3-ին տեղափոխվել է Մասիսի ՀՓՋ, արդեն որպես հրամանատարի տեղակալ: Շուրջ 17 տարի մարտական ուղի անցած սպան վստահ նշում է, որ փրկարարի աշխատանքում շատ կարևոր է զսպված ու մեծահոգի մարդ լինելը. «Նախ պետք է մարդ լինես, որպեսզի կարողանաս մարդ փրկել: Հոգով, էությամբ պետք է փրկարար լինես, հակառակ դեպքում այս համակարգում անելիք չունես»:

Առաջին հրդեհաշիջումը 2001-ին էր, որին մասնակցել է դեռևս շարքային հրշեջ Ստեփանյանը, եղել է Զեյթունի ուսանողական հանրակացարանում. «Երրորդ՝ բարձր կանչի հրդեհ էր, հնդիկ ուսանողների մասնաշենքն էր այրվում: Ե՛վ հրդեհն ենք մարել, և՛ մարդկանց կյանքեր փրկել»: Նշում է, որ հրդեհը հրդեհ է, բայց քաղաքային և գյուղական համայնքների հրդեհների միջև տարբերություն կա, որ Արաբկիրում աշխատած տարիներին համեմատաբար ելքերը շատ էին, հատկապես կենցաղային կանչերը, իսկ Մասիսում հրդեհները սեզոնային են. «Հիմնականում խոտածածկ տարածքներ ու հնձած արտեր են բռնկվում՝ հաճախ հենց մարդկանց միջամտությամբ, երբ գյուղացին հնձից հետո հարդն է կրակի տալիս՝ արտը մաքրելու նպատակով, ինչն էլ անզգուշության հետևանքով տարածվում է՝ սպառնալով հարևան արտերին ու այգիներին: Հիմա ամառ է, և սկսվում է մեր թեժ ծառայության շրջանը: Թեժ՝ և՛ կանչերի հաճախակիության, և՛ հենց իրականացված աշխատանքի առումով»: Իսկ Մասիսում արդեն մեկ տարվա ընթացքում շուրջ 110 հրդեհաշիջման աշխատանքների է մասնակցել, 20-ի էլ հասնող ճանապարհատրանսպորտային պատահարների: Եթե ջոկատի տղաներն իրար փոխարինելով՝ հերթափոխի օրերին են ծառայություն իրականացնում, ապա հրամանատարն ու տեղակալը նույնն անում են ամեն աղետի ու պատահարի դեպքում:

Աշխատանքային ժամերի սկիզբն ու ավարտը հարաբերական սահմանում է, նկատում է փ/ծ մայոր Ստեփանյանը, իրականում ծառայությունը շուրջօրյա է, աշխատանքից դուրս ժամերին անընդհատ ականջը սպասում է կանչի. «Աշխատանքից դուրս՝ փշերի վրա ենք, թե հիմա-հիմա զանգ կգա ջոկատից՝ հրդեհ է: Նման դեպքերում՝ համագործակցելով հրամանատարի հետ, կամ ես, կամ ինքն է մեկնում հրդեհի վայր»: Հատկապես բարդ հրդեհների ու ծանր իրավիճակների ժամանակ տղաների կողքին է կանգնած, եթե վտանգ կա, որ կարող են վնասվել, առաջինն ինքն է նետվում գործողության մեջ, քանի որ իր փորձն ավելի շատ է: «Ցանկացած իրավիճակում միասին ենք»,- ասում է Արտյոմ Ստեփանյանը:

Հրշեջ-փրկարարը, հատկապես ջոկատի հրամատարն ու տեղակալն իրավունք չունեն հիվանդանալու, մեկ-երկու օրով հեռու տեղ գնալու, հատկապես՝ հանրապետությունից բացակայելու թեկուզ հանգստյան օրերին: Միշտ պետք է սթափ վիճակում լինեն անգամ քեֆի ու հարսանիքի սեղանին, քանի որ ամեն վայրկյան հրդեհի կամ ճանապարհատրանսպորտային պատահարների վայր մեկնելու հավանականությունը կա: Որևէ ժամանցի կամ հաճելի առիթով լիարժեք զգացողությունը միշտ վերապահումով է տրվում, քանի որ նրանց լիարժեքությունն ամբողջանում է միայն ծառայության մեջ, որի սկիզբն ու վերջը հարաբերական է, ամեն վայրկյան հավանականությունն է ռեալ: Հենց մեր զրույցի ժամանակ էր, նոր էինք խոսքը սկսել, երբ ահազանգ հնչեց, թե շրջանի համայնքներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրամանատարի տեղակալը նոր էր սուրճ դրել և չէր էլ հասցրել կում անել, այդպես էլ թողեց սեղանին ու հերթափոխի հետ մեկնեց դեպքի վայր: Մինչև վերադարձավ, արդեն սուրճը սառել էր: «Երբ ահազանգ ենք ստանում, ամեն ինչ մոռանում ենք: Ես ինձ չեմ պատկերացնում թոշակի անցած հրշեջ-փրկարար, քանի ուժ կա՝ աշխատելու եմ: Ես ինձ հանգիստ եմ զգում, որ գոնե մեկ մարդու կյանք եմ փրկել, օգնել եմ մարդկանց, հենց այնպես աշխարհ չեմ եկել»,- ասում է հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արտյոմ Ստեփանյանը:

Իսկ Մասիսի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Բագրատ Դանիելյանը գործընկերոջը բնորոշում է որպես երկարամյա ճանապարհ անցած փորձառու սպայի, որի ներկայությունը ջոկատում և վստահություն է, և աշխատանքի լիարժեք կազմակերպում. «Արտյոմ Ստեփանյանի հետ ընդամենը մեկ տարի ենք աշխատում, բայց այդ ժամանակն էլ բավական է, որպեսզի ճանաչենք և վստահենք նրան և՛ որպես մարդու, և՛ որպես սպայի: Մեր ջոկատը մի ընտանիք է, որտեղ մեծ դերակատարություն ունի հրամանատարի տեղակալ Ստեփանյանը»:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ