ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այսօր կազմակերպվել էր «Կլիմայի փոփոխությունը եւ աղետների ռիսկի նվազեցումը» թեմայով կլոր սեղան, որին մասնակցում էին ՃԿՊԱ տարբեր կրթական ծրագրերի ուսանողներ եւ դասախոսներ: Հիմնական բանախոսը՝ «Հայաստան ծառատունկ» (Armenia Tree Project՝ ATP) բարեգործական հիմնադրամի բնապահպանական բաժնի աշխատակից Նվարդ Գեւորգյանն էր:

1994 թվականին հիմնադրված «Հայաստան ծառատունկ» հիմնադրամն անցած 30 տարում Հայաստանում ութ միլիոն ծառ է տնկել, այդ թվում՝ Լոռու մարզում հիմնված 53 000 սոսիով «Հրանտ Դինք» անտառը: Այսօր հիմնադրամն ունի 4 տնկարան, կրթական երկու կենտրոն եւ բնապահպանական ծրագրեր է իրականացնում Հայաստանի անտառազուրկ գոտիներում։

Բացման խոսքում ՃԿՊԱ գիտական հետազոտությունների կենտրոնի պետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սաթենիկ Բակունցւը նկատեց, որ կլիմայի փոփոխությունը վերաբերում է բոլորիս եւ կյանքի բոլոր բնագավառներին: Ձեւավորվել է աղետաբեր շղթա. Երկիր մոլորակի բնակչությունն աճում է, պահանջարկն ու սպառումը աճում են, ջերմոցային գազերի արտանետումներն ու ծավալը մթնոլորտում աճում են, կլիմայի փոփոխությունների պատճառներն աճում են, անոմալիաներն աճում են. մի տեղ երաշտ, անապատացում, հողերի դեգրադացիա, մի տեղ ջրհեղեղ, երկու դեպքում էլ աղետ եւ վնաս: Արդեն օգտագործվում է կլիմայական միգրանտ ձեւակերպումը, փորձագետները պնդում են, որ այսօրվա ռազմական բախումներից շատերը հենց ջրի եւ այլ ռեսուրսների համար են, գիտնականները պնդում են, որ եթե բան չարվի, 2055 թվականին «Երկնագույն մոլորակ» անվանված մեր մոլորակը տիեզերքից կարմիր կերեւա եւ այստեղ կյանք լինել-չլինելու հարցը առաջ կգա:

Մարդն է իր գործունեությամբ ձեւավորել այս մտահոգիչ իրականությունը՝ անտառ հատելով, հանքերի անխնա շահագործմամբ, պարենային անվտանգության համար ռիսկեր ստեղծելով: Ու հիմա մարդը փորձում է շտկել սեփական սխալները: 1992 թվականին ընդունվել է կլիմայի փոփոխությունների կոնվենցիան, 1997-ին՝ ջերմոցային գազերի կրճատումների Կիոտոյի արձանագրությունը, 2015-ին՝ նույն խնդրի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը: Հայաստանը միացել է այս փաստաթղթերին եւ ի հավելումն, մեր կառավարությունը 2023 թվականի փետրվարին ընդունել է Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչեւ 2050 թվական) ռազմավարություն, որով պարտավորվել է իրականացնել թափոնների կառավարում, օրգանական գյուղատնտեսության խթանում, հողի օգտագործման կայուն համակարգի ձեւավորում, անտառների կառավարման համակարգի բարելավվում եւ այլն: Գործողություններ, որոնք կբերեն ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման:

Ակնհայտ է, որ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը մեկ երկրի ուժերից վեր է, ջանքերի մեկտեղում է պետք: ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Էմմի Պողոսյանը վստահ է, որ բնապահպանական խնդիրները լուծելու համար պետք է ջանքերը մեկտեղել համայնքային մակարդակից: Մեծ փոփոխությունների համար մեծ թիմ է պետք, վստահ է ՃԿՊԱ ուսանողուհին: Արագածոտնի մարզի Ապարան համայնքի բնակիչ Էմմին գաղափարակից ընկերներ ունի, որոնց հետ մեկտեղ աշխատում է համայնքային զարգացման ծրագրեր, այդ թվում՝ բնապահպանական, կյանքի կոչելու ուղղությամբ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները

Հ.Գ. Մեծ է հավանականությունը, որ այս կլոր-սեղանը կդառնա ՃԿՊԱ-«Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամ երկարատեւ համագործակցության մեկնարկ: Այդ մասին առավել մանրամասն՝ առաջիկայում: