Հոկտեմբերի 21-ին եւ 22-ին Աբու Դաբի քաղաքում անցկացվել է ջիու-ջիթսու ըմբշամարտի AJP tour շարքի հերթական փուլը, որին 120 կգ քաշային կարգում մասնակցել է նաեւ ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրի «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Էրիկ Գոռ Համզոյանը: Այս քաշային կարգում ներկայացված էր 6 երկիր: Էրիկ Գոռը մենամարտել է Քուվեյթի եւ Իրանի ներկայացուցիչների հետ, երկուսին էլ հաղթել եւ նվաճել չեմպիոնի կոչումը: Ջիու-ջիթսու մարտարվեստում առավելապես ցավային եւ խեղդող հնարքներ են: Էրիկ Գոռը իր մրցակիցներին հաղթել է խեղդելով:

Աբու Դաբի առաջնությունում հաջողությունը սամբո, մարտական սամբո, ջիու-ջիթսու եւ այլ մարտարվեստներում հաջողություններ գրանցած Էրիկ Գոռ Համզոյանի հերթական նվաճումն է, որով սահմանափակվելու ցանկություն մարզիկը չունի: Արդեն նախապատրաստվում է հաջորդ մենամարտին: Նոյեմբերի 16-ին Թբիլիսիում մրցելու է Միացյալ թագավորությունը ներկայացնող մարզիկի հետ՝ գրեփլինգ ըմբշամարտով: Սա ճապոնական ջիու-ջիթսուի եվրոպական, ավելի ուժային տարբերակն է:

Հաջորդ տարի Էրիկ Գոռն ավարտում է ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագիրը: Մտադրություն ունի հմտանալ GIS (Geographic Information Systems, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) քարտեզների մշակման աշխատանքներում: Դրանում հաստատ կօգնեն մարզական հաջողություները. Էրիկ Գոռը վստահ է, որ սպորտը սովորեցնում է կարգապահություն, չհանձնվելու եւ մինչեւ վերջ պայքարելու կամք:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Գլխավոր լուսանկարի կենտրոնում՝ Էրիկ Գոռ Համզոյանն է

Հ.Գ. Էրիկ Գոռ Համզոյանի այլ նվաճումների մասին.

ՃԿՊԱ ուսանողը՝ Հայաստանի չեպմիոն

Երեք ամսում երեք ոսկե մեդալ

ՃԿՊԱ ուսանողը բարձրացրել է իր վարկանիշն ըմբշամարտում