Այս տարվա ապրիլին, Ստեփանավանի ավագանու որոշմամբ քաղաքի գրադարանի նախկին շենքը 40 տարի ժամկետով անհատույց տրամադրվեց ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի կրթական ծրագրին:

Հոկտեմբերի 19-ին կայացավ նոր ուսումնական շենքի ոչ պաշտոնական բացումը։ Իտալական մոդուլով միահարկ կառույցը, Սպիտակի երկրաշարժից հետո ծառայել է դպրոց, ապա՝ գրադարան: Վերանորոգումն ու կահավորումն իրականացվել է ակադեմիայի միջոցներով։

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ այսուհետ մոտ 290 ուսանող հնարավորություն կունենա ուսանելու ընդարձակ ու լուսավոր սենյակներում, օգտվելու մասնագիտական՝ ռոբոտաշինական, համակարգչային, փրկարարական եւ առաջին օգնության լսարաններից։ Ստեփանավանում համայնքային ավիացիոն, հեռակառավարվող համակարգերի եւ ռոբոտաշինական նորարարական ռեսուրս կենտրոնը բացվել էր 2022 թվականի հունվարին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ֆինանսավորմամբ։

ՃԿՊԱ Ստեփանավանի նոր շենքի դիրքը բավականին հարմար է՝ քաղաքի կենտրոնում՝ քաղաքային այգում, «Լոռէ» փրկարար ջոկատի ուսումնական կենտրոնի մոտակայքում։ Հենց ջոկատի տարածքում էլ ուսանողները կանցկացնեն գործնական վարժանքները։ «Նպատակ ունենք վերանորոգելու շենքին հարակից մարզահրապարակը։ Ստեփանավանի մարզադպրոցի ղեկավարության հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերելու՝ փակ դահլիճում մեր ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպելու համար»,- հավելեց Արմեն Առաքելյանը։

Շուտով շինարարական աշխատանքներն ամբողջովին կավարտվեն։ Դասապրոցեսը չի խաթարվել, ընթանում է իր  հունով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը