ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Ճգնաժամային կառավարում» ամբիոնի նախաձեռնությամբ, ՃԿՊԱ-ում սկսվում է մանկավարժության տարբեր հարթությունների եւ առանձնահատկությունների վերաբերյալ դասախոսություն-քննարկումների շարք՝ բուհի դասախոսների համար: Առաջին նման քննարկումը հոտկեմբերի 17-ին էր, հիմնական բանախոսն էր ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում» ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը:

Պրոֆեսորը ներկայացրեց մանկավարժական համակարգի մոդելը, ուսուցման տեխնոլոգիան, կրթության եւ ուսուցման նպատակները, արդյունավետության վերահսկման ձեւերը: ՃԿՊԱ-ում իրականացվում է կրթական երեք ծրագիր՝ միջին մասնագիտական, բալակավրի, մագիստրոսի: Սա նկատի ունենալով էլ, Հայկ Պետրոսյանը խոսեց նաեւ բուհի եւ դպրոցի կրթական եւ ուսուցման տարբերություններից: «Լսարանի կամ դասարանի ֆիզիկական պայմանները, ուսանողի կամ աշակերտի վիճակը ազդեցություն ունեն մատուցվող նյութի ընկալման վրա, իսկ մանկավարժը պիտի տարբերի նյութի վերարտադրումը կիրառումից եւ ըստ նյութի ստեղծագործական աշխատանքից: Գիտելիքի կիրառումն է ուժ, ոչ թե գիտելիքը: Գիտելիքի փոխանցման միջոցով ձեւավորված կարողությունը պիտի դառնա գործնական հմտություն», — նկատեց բանախոսը:

Ըստ բանախոսի, պարզ դասախոսությունը միայն գիտելիք է փոխանցում, կարողություն եւ հմտություն չի ձեւավորում: Կարողություն եւ հմտություն ձեւավորելու համար հարկ է դասախոսությանը զուգահեռ մեծ տեղ տալ գործնական աշխատանքներին, լաբորատոր փորձերին, բանավեճերին, դերախաղերին, անհատական աշխատանքներին: Դասախոսությունն էլ չպետք է լինի զուտ ելույթ, պետք է օգտագործվեն օրինակ տեսանյութեր: Գերմանացի հետազոտողները պարզել են, որ մարդը առավել արդյունավետ է սովորում ուրիշներին սովորեցնելիս: Ուստի չպետք է մոռանալ խմբային աշխատանքներով կրթության եւ ուսուցման մասին:

Մանկավարժության տարբեր հարթությունների եւ առանձնահատկությունների վերաբերյալ դասախոսությունները շարունակական են լինելու:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ