Այս օրերին Երեւանում են Ֆրանսիայի ներքին գործերի եւ անդրծովյան նախարարության ճգնաժամային կառավարման եւ բնակչության պաշտպանության ծառայության եւ ֆրանսիական երկրաբանական հետազոտությունների ինստիտուտի (BRGM) «Երկրատեղեկատվություն հանուն դիմայակուն երկրի» կազմակերպության ներկայացուցիչները: Ֆրանսիացի մասնագետները Հայաստանում են «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման եւ համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում, հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում անցկացվելիք միջազգային, լայնամասշտաբ փրկարարական վարժանքի պլանավորման վերջին՝ երրորդ կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Ծրագիրը իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Վարժանքին մասնակցելու են «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմեր Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Հունաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից: Նաեւ Հայաստանի բազմաթիվ պետական կառույցների, համայնքապետարանների, թանգարանների, Հայկական կարմիր խաչի, «Լոռէ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներ:

Օգտվելով այս հնարավորությունից, ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը հանդիպել է ֆրանսիացի մասնագետներին եւ նրանց ներկայացրել ակադեմիայի տեխնիկական հագեցվածությունը, իրականացվող կրթական, գիտական, վերապատրաստման ծրագրերը, նախատեսված զարգացումների ուղղությունները՝ նոր որակի կադրեր, նոր մասնագիտություններ՝ անընդհատ փոփոխվող իրականության մեջ, հանուն աղետների ռիսկի նվազեցման: Ֆրանսիացի հյուրերը տպավորված էին ակադեմիայում առկա ռեսուրսից: Ֆրանսիայի ներքին գործերի եւ անդրծովյան նախարարության բնակչության պաշտպանության եւ ճգնաժամերի հաղթահարման գլխավոր տնօրինության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ֆրեդերիկ Հարոլդը փորձագետների փոխանակման ծրագիր է առաջարկել: Ըստ Արմինե Հայրապետյանի, սա հնարավորություն կընձեռի ՃԿՊԱ կրթական տարբեր ծրագրերում ներառել ֆրանսիացի մասնագետների մշակած նյութերը: Կողմերը պատրաստակամ են կազմակերպել նաեւ հեռավար դասընթացներ՝ ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ: «Կարեւոր էր մեր հյուրերից լսել, որ ճգնաժամային կառավարման կրթության մեր մեխանիզմը բացառիկ է եւ հետաքրքիր է Ֆրանսիային: Մենք անընդհատ զարգացման, իրարից սովորելու, դասեր քաղելու փուլում ենք եւ պետք է օգտվենք բոլոր ծրագրերից եւ հնարավորությունից՝ մեր փրկարարների մասնագիտական կարողությունների զարգացմանը նպաստելու համար», — ամփոփեց Արմինե Հայրապետյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ