Օգոստոսի 17-ին ավարտվեց Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2023-2024 ուսումնական տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրի հիմնական ընդհանուր կրթությամբ հայտագրման գործընթացը: 6 մասնագիտությունների գծով (հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում, արտակարգ իրավիճակների կառավարում, հրդեհային պաշտպանություն, հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում, կապ եւ ազդարարում բնակչության պաշտպանության ոլորտում, պաշտպանական կառույցների շահագործում) 140 անվճար տեղի համար պայքարում էր 164 դիմորդ: Արդյունքում մրցույթը հաղթահարեց 140 հոգի:  Այս տարի առաջին անգամ ներդրվել են «Կապ եւ ազդարարում բնակչության պաշտպանության ոլորտում» եւ «Պաշտպանական կառույցների շահագործում» մասնագիտությունները: Հայտագրման առաջին փուլից հետո ակադեմիան այլեւս թափուր տեղ չունի: Նշենք, որ երկու ամիս առաջ միջին մասնագիտական կրթական ծրագիրը երեք մասնագիտության գծով ավարտեց 81 շրջանավարտ, որից 28-ը՝ գերազանցությամբ:

Ուսումնական գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանն ուրախությամբ հավելեց, որ ՃԿՊԱ-ում սովորել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է, եւ ակադեմիան մնում է առաջատար կրթօջախ ոչ միայն Երեւան ու Ստեփանավան քաղաքների, այլեւ ողջ հանրապետության դիմորդների համար: «Ակադեմիայի  ղեկավար, մանկավարժական եւ ուսումնաօժանդակ կազմի անունից շնորհակալություն եմ հայտնում դիմորդներին ու նրանց ծնողներին՝ վստահության եւ մեր կրթօջախի՝ տարիների ընթացքում ձեռք բերած բարի համբավին հավատալու համար: Մեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուսանողը կլինի իր երազած մասնագիտության իսկական կրողը՝ ապագայում իր տեղն ունենալով աշխատաշուկայում»,- ասաց պրոռեկտորը։

Ծրագիրը բավականին հագեցած է: Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝ ակադեմիայում ձեռք բերած գիտելիքը, առաջին հերթին՝ ինքնօգնության ու փոխօգնության հմտությունները, վստահաբար պետք կգան ցանկացած իրավիճակում: Վիճակագրությունը ցույց է տվել, որ շրջանավարտների 98 տոկոսը շարունակում է ուսումը նույն բուհում, քանի որ հավանում է առարկաների ցանկն ու աշխատանքային ոլորտը:

Բակալավրի կրթական ծրագրին դիմելիս ուսանողների մեծ մասն արդեն մասնագիտության հարցում կողմնորոշված է լինում. լավ առաջադիմություն ունեցողների առջեւ լայն հորիզոններ են բացվում: Նրանք կարող են նույնիսկ ուսումնառության ընթացքում մասնակցել փրկարար ծառայության համապատասխան հաստիքների մրցույթներին եւ անցնել աշխատանքի:

Խոսելով միջին մասնագիտական կրթական ծրագրի որդեգրած ժամանակակից մոտեցումներից՝ պրոռեկտորը նշեց, որ թեեւ հեռակառավարվող սարքերի մասին գիտելիք ստանում են միայն տվյալ մասնագիտությունն ընտրած ուսանողները, ակադեմիան նպատակ ունի ընդլայնել լսարանը՝ ընդգրկելով նաեւ մյուս մասնագիտական բաժինները: Ռոբոտաշինությունն ու փրկարարական ոլորտում հեռակառավարվող սարքերի կիրառման իմացությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնագետի, որն ապրում է տարբեր վտանգների պայմաններում գտնվող Հայաստանում: Ակադեմիան ստեղծում է այդ հնարավորությունը՝ տրամադրելով իր IT համալիր-լաբորատորիան. «Շատ կարեւոր է, որ մեր երեխաները մինչեւ բանակ գնալը ծանոթանան անօդաչու սարքերի աշխատանքի սկզբունքներին: Մեր զորացրված ուսանողները հաճախ պատմում են, որ մասնագիտական հմտությունները իրենց շատ են օգնել բանակում կենսագործունեությունն ապահովելու համար»:

ՃԿՊԱ-ն կարեւորում է նաեւ երիտասարդների մշակութային եւ ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Սերտ համագործակցություն է հաստատվել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի հետ, որը պատանիներին հնարավորություն է տալիս մասնակցելու ճամբարների ու արշավների, սովորեցնում կյանքի տարբեր հմտություններ:

Բարի երթ, սիրելի՛ ուսանողներ:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ