Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը Ստեփանավանում անցկացվեցին տուրիստական հմտությունների, արշավային անվտանգության, քաղաքացիական պաշտպանության եւ առաջին օգնության մրցումներ: Մասնակցում էր 270 հոգի ողջ հանրապետությունից, այդ թվում՝ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաները` թիմի ղեկավար Տաթեւ Հովակիմյանի գլխավորությամբ։ Նրանք ներկայացնում էին Երեւանի թիմը: Որպես մրցավար՝ հրավիրվել էին ՃԿՊԱ դասախոսներ Սուսան Գեւորգյանը եւ Սերյոժա Մարտիրոսյանը:

Միջոցառումն աննախադեպ էր բովանդակային առումով: 11-18 տարեկան երեխաներն իրենց ուժերը փորձեցին պարանային տեխնիկա, տուրիստական հմտություններ, առաջին օգնություն, արշավ եւ արշավային գույք-հանդերձանք, տուրիստական կենցաղ եւ թեստային աշխատանք մրցաձեւերում: 225 միավորով Ստեփանավանի «Պատանի փրկարար» խմբակը՝ խմբակավար Արինա Առաքելյանի գլխավորությամբ, արժանացավ գավաթի եւ հաղթեց «Արշավ եւ արշավային գույք-հանդերձանք» մրցաձեւում: Ի դեպ, Արինա Առաքելյանը ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտ է:

Նրա խոսքով՝ երեխաները ցուցադրել են պարանային տարբեր հանգույցների հետ աշխատելու, վրան տեղադրելու, ուսապարկ դասավորելու, արգելքներ հաղթահարելու, տուժածներին համապատասխան օգնություն ցուցաբերելու եւ լեռան վրա արշավային առօրյան կազմակերպելու հմտություններ: Մրցավարները գնահատել են վարժությունների կատարման ճշտությունը եւ արագությունը:

Ի պատասխան հարցին՝ արդյոք հեշտ է տարբեր բնավորության տեր պատանիների հետ աշխատելը, եւ ինչն էր իրենց հաղթանակի գրավականը, Արինան ժպիտով նշեց. «Յուրահատուկ երեխաներ են: 4 տարի միասին ենք աշխատում, ինչ-որ չափով գիտեն իմ պահանջները: Մեր միջեւ ընկերական շփում է, հարգանք: Իրենք իրենց առջեւ հաղթելու նպատակ էին դրել: Այս հաղթանակը մեր թիմային ոգու շնորհիվ էր»:

Փորձառու խմբակավարը կարեւորեց նման միջոցառումները, քանի որ դրանք երեխաների մեջ կամային հատկանիշներ են ձեւավորում:

Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի տնօրեն Հայկանուշ Դավթյանը գոհ է մրցումների արդյունքներից: Նախապատրաստական փուլը տեւել է 6 ամիս: Մրցույթի կազմակերպչական հարցերում մեծ ներդրում են ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, Հայկական կարմիր խաչի ընկերությունը, «Լոռէ» կամավոր փրկարար ջոկատը:

«Մեր կենտրոնի ողջ կազմը փոխվել էր, վերջին երեք տարիներին անընդհատ վերապատրաստվում էինք: Ես հասկացա, որ շատ պատրաստված խմբակավարներ ունեմ: Տեսնել էր պետք՝ ինչ արագությամբ էին մեր փոքրիկները վրան խփում, պարանային կապերն անում: Այդ ամենն ինձ համար շատ կարեւոր էր»,- ասաց տնօրենը:

Ներկայումս պատանի փրկարարների խմբակներ գործում են դպրոցներին կից՝ Երեւան, Ստեփանավան, Սեւան, Դիլիջան, Գյումրի, Եղեգնաձոր համայնքներում, Լճաշեն, Նոր Երզնկա եւ Զառիթափ բնակավայրերում: Հայկանուշ Դավթյանի խոսքով՝  հավելյալ պետական ֆինանսավորման դեպքում նախատեսվում  է խմբակներ բացել եւս երկու մարզում:

Տարեսկզբից Մանկապատանեկան հանրապետական կենտրոնն արդեն 7 մեծ միջոցառում է իրականացրել: Առաջիկայում կլինեն վարժանքներ՝ նոր հմտություններ զարգացնելու նպատակով: Տնօրենն ավելին չմանրամասնեց՝ նշելով միայն, որ ծրագրերից մեկը կլինի, օրինակ, մարզերի փոքր գետերի վրայով գետնանցի կազմակերպումը:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արինա Առաքելյանը