Օգոստոսի 3-ին Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ 2022-2023 ուսումնական տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: 81 ուսանողից 28-ն ավարտեց գերազանցությամբ:

ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը շնորհավորեց ներկաներին եւ հույս հայտնեց, որ շատերը կշարունակեն ուսումն ակադեմիայում: «Դուք այն եզակիներից եք, որ ունեցել են հնարավորություն՝ ավարտելու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագիրը, ստացել եք այնպիսի գիտելիք, որը ձեզ Հայաստանի Հանրապետության շատ լավ քաղաքացի կդարձնի: Ես վստահ եմ ու համոզված, որ դուք հուսախաբ չեք անի ձեր դասախոսներին, ձեզ հետ աշխատած փրկարարներին ու ձեր ծնողներին, որոնք տվել են գիտելիք մարդ լինելու մասին: Աշխարհում ամենաբարձր արժեքն անշահախնդրորեն ուրիշի մասին հոգ տանելն է: Գոյություն չունի դրանից ավելի մարդասիրական ու թանկ բան»,- ասաց Արմինե Հայրապետյանը:

Նա նաեւ հորդորեց երբեք դիպլոմի գույնը դրոշակ չդարձնել: Բովանդակությունը թղթի մեջ չէ, այլ մարդու գլխում, հոգում եւ վարքագծում:

Զրուցեցինք նաեւ շրջանավարտների հետ: Կառավարման ապագա մասնագետներ Արեւիկ Վարդանյանն ու Մանե Հարությունյանն անկեղծացան՝ իրենց մասնագիտությունը շատ հոգեհարազատ է եւ հետաքրքիր: Արդեն դիմել են բակալավրի կրթական ծրագրի համար, լիահույս են, որ նոր ու խորացված գիտելիքով օգտակար կլինեն մեր երկրին:

Լեւոն Հովսեփյանի փոխարեն գերազանցության դիպլոմը ստացավ հայրը՝ Վաչագան Հովսեփյանը: Ասում է՝ բառերով նկարագրելու չէ հպարտության չափը: 7 տարեկանից որդին երազում էր հրշեջ դառնալ: Վերջին տարում նոր մասնագիտություն է ընտրել՝ օդաչու, ընդունվել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Հայրը վստահ է՝ որտեղ էլ որդին լինի, հրդեհային պաշտպանության գիտելիքը պետք է գալու:

Ուսումնական գծով պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանի խոսքով՝ շրջանավարտների գրեթե 50 տոկոսն արդեն դիմել է բակալավրի կրթական ծրագրի համար:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ