Այս տարվա հունվարին, ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» փրկարարների վերապատրաստման ծրագրում ներդրվեց նոր թեմա` էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ (ունեն լիցքավորվող շարժիչ, աշխատում են նաեւ նավթային վառելիքով) ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգություն: Այս թեմայով առաջին դասընթացը կազմակերպվեց մարտին՝ Երեւանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների 60 ծառայողի համար:

Հունիսի 5-ին եւ 6-ին ՃԿՊԱ-ում անցկացվում է «Էլեկտրոմոբիլների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության ապահովում» եւ «Արեւային էլեկտրակայանների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման առանձնահատկությունները» թեմաներով վերապատրաստում Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի փրկարարների համար՝ 15 ծառայող:

Վերապատրաստման թեմաներն են. «Այլընտրանքային էներգիայի աղբյուր հանդիսացող արեւային էլեկտրակայանների նկարագիրը եւ դրանց հրդեհաշիջման առանձնահատկությունները», «Էլեկտրոմոբիլների ընդհանուր նկարագիրը եւ կառուցվածքը», «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը էլեկտրոմոբիլների վթարի դեպքում», «Արեւային վահանակների կառուցվածքը եւ դրանց անվտանգության ապահովման պահանջները», «Էլեկտրոմոբիլների կառուցվածքի եւ հոսանքազրկման կետերի ներկայացում» եւ այլն: Ամփոփիչ ամփոփիչ գործնական պարապմունքն անցկացվեց «Տեսլա Էներջի» եւ «Սոլարոն» ընկերություններում:

Ակադեմիայում վերապատրաստված փրկարարները նույն թեմայով դասընթացներ կկազմակերպեն իրենց ջոկատներում: Իսկ ակադեմիան «Էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգությունը» եւ «Արեւային էլեկտրակայանների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման առանձնահատկությունները» թեմաներն արդեն ընդգրկել է ՃԿՊԱ-ում կազմակերպվող փրկարար ծառայողների վերապատրաստման դասընթացներում:

Հաջորդիվ այս թեմաներով վերապատրաստում կանցնեն նաեւ նույն մարզերի եւս 45 փրկարար-ծառայող:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ