ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ «Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջը» կհամագործակցեն միջին մասնագիտական կրթության զարգացման հարթությունում: Հուշագիրը ստորագրվեց այսօր:

ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, «Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջի» տնօրեն Քրիստինե Աբրահամյանը պայմանավորվել են կազմակերպել ուսանողների եւ դասախոսների փոխայցեր, բաց դռների օրեր, թեմատիկ եւ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ եւ այլն:

Մարդկության առաջընթացը, քաղաքակրթական նվաճումները հնարավոր են միայն տեխնոլոգիական զարգացումների միջոցով: Մեր օրերում տեխնոլոգիական զարգացումների պարտադիր պայման է աղետների ռիսկի կառավարումը: Սա նշանակում է, որ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ «Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջը» համագործակցության լայն դաշտ ունեն:

ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանի ուղեկցությամբ, «Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջի» տնօրեն Քրիստինե Աբրահամյանը եւ փոխտնօրեն Նառա Հակոբյանը ծանոթացան ակադեմիայի տեխնիկական հագեցվածությանը, գրադարանին, կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: Դատելով կողմերի տրամադրվածությունից, առաջին համատեղ ծրագրերին երկար չենք սպասի:

 

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ