Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի ուսումնական բազան շուտով նոր շենք կունենա քաղաքային այգու տարածքում։ Համայնքապետի եւ ավագանու որոշմամբ՝ իտալական մոդուլով նախկին գրադարանի շենքն անհատույց տրամադրվել է ակադեմիային։

Ակադեմիայի Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ քոլեջում եւ բակալավրում երկու նոր մասնագիտությունների գծով այս տարի սահմանվածից ավելի դիմորդ են ունեցել։ Այժմ Ստեփանավանում սովորում է 260 ուսանող, դասասենյակներն արդեն չեն բավարարում։

Նոր շենքը միահարկ է, լիովին սեյսմակայուն։ Ունի ֆուտբոլի բացօթյա դաշտ եւ մեծ դահլիճ, որում հնարավոր կլինի կինոդիտում, դասընթացներ ու հանդիպումներ կազմակերպել, ինչը, անշուշտ, կնպաստի ուսումնական գործընթացին։ Նախատեսվում է կառուցել մասնագիտական սենյակներ։ Շենքի վերանորոգումը կավարտվի տարեվերջին, եւ նոր ուսումնական տարին կսկսվի նոր տարածքում։

Այստեղ է գտնվում նաեւ «Ավիացիայի եւ ինովացիոն տեխնոլոգիաների կրթական կենտրոնը», որի վերահսկողության հարցերով եւս կզբաղվի ակադեմիայի անձնակազմը։ «Շատ ողջունելի է, որ համայնքը մեզ անհատույց տրամադրեց շենքը։ Ակադեմիան Ստեփանավանում բավական աշխատատեղ է ապահովում եւ կրթական լայն գործունեություն ունի»,- նշեց Արմեն Առաքելյանը։

Մանրամասներին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ