Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» էր այցելել Եվրամիության բնակչության պաշտպանության եւ հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության (DG-ECHO) բնակչության պաշտպանության միջազգային համագործակցության թիմի ղեկավար Տրիստան Սիմոնարտը, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի ուղեկցությամբ:

Եվրամիության պաշտոնյան Հայաստանում է ԱԻՆ ներկայացուցիչների հետ արտակարգ իրավիճակների բանագավառում առկա եւ հետագա համագործակցության հարցերը քննարկելու նպատակով:

Ակադեմիայի ղեկավարության հետ քննարկման ժամանակ երկուստեք կարեւորվեց ճգնաժամային կառավարման ոլորտում համագործակցությունը, բազմիցս ապացուցված այն պարզ պատճառով, որ աղետների ռիսկի կառավարումը եւ նվազեցումը մեկ երկրի ուժերից վեր է: Սա նկատի ունենալով էլ եվրոպական կառույցները ներդրումներ են անում մարդասիրական արձագանքմանն առնչվող ոլորտներում՝ կամավորություն, օրենսդրական դաշտի բարելավում եւ այլն:

Տրիստան Սիմոնարտն ասաց, որ ներդրումներն արվում են ոչ թե զրոյից ստեղծելու, այլ՝ եղածը զարգացնելու նպատակով: Իսկ ՃԿՊԱ-ն արդեն 30 տարի ստեղծում է՝ կրթական, ուսումնական, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական հարուստ գրականություն եւ այլն: Ակադեմիայի հետ համագործակցություն կարող է ձեւավորվել դասախոսների եւ ուսանողների փոխանակման, օտար լեզուների ուսուցման եւ այլ ոլորտներում:

Վերջնական որոշումից առաջ դեռ էլի քննարկումներ կլինեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ