Այսօր ՀՀ արչտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում դիպլոմներ ստացան ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտները: ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտները դիպլոմները ստացել էին երեկ՝ ակադեմիայում:

2021-2022 ուսումնական տարում ակադեմիան ավարտել է 305 ուսանող.

60 մագիստրոս (13-ը՝ գերազանցությամբ)՝ «Կառավարում», «Աղետների հոգեբանություն», «Փրկարարական գործ» մասնագիտություններով:

165 բակալավր (14-ը՝ գերազանցությամբ)՝ «Կառավարում (Աղետների կառավարում)», «Փրկարարական գործ», «Հրդեհային պաշտպանություն», «Քաղաքացիական պաշտպանություն», «Տրանսպորտային ու հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում» մասնագիտություններով:

միջին մասնագիտական կրթական ծրագրի 80 շրջանավարտ (22-ը՝ գերազանցությամբ)՝ «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն», «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում» մասնագիտություններով:

Շրջանավարտներին ողջունեցին արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար, ՃԿՊԱ խորհրդի նախագահ Արտյուշ Գրիգորյանը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: Իսկ դիպլոմները հանձնեցին ԱԻՆ եւ ՃԿՊԱ ղեկավարները:

Արտյուշ Գրիգորյանը նախարարության ղեկավարության անունից շնորհավորելով շրջանավարտներին, նկատեց, որ ուսումնառության ընթացքում ստացած մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով զինված շրջանավարտները պատրաստ են համալրել ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների շարքերը: «Առաջարկում եմ չբավարարվել ձեռքբերածով: Ժամանակակից աշխարհը արագ զարգացող համակարգ է, անընդհատ նոր մարտահրավերներ առաջադրող եւ մենք պարտավոր ենք դիմակայել բոլոր մարտահրավերներին՝ լինի դա արտակարգ դեպք, թե պատահար, արտակարգ իրավիճակ թե աղետ: Հետեւաբար՝ անընդհատ վերազինվելը նոր գիտելիքներով եւ հմտություններով չափազանց կարեւոր է: Վստահ եմ, որ կգնանք այդ ճանապարհով, դառնալով արհեստավարժ մասնագետ՝ պիտանի երկրին եւ քաղաքացիներին», — ասաց Արտյուշ Գրիգորյանը:

ՃԿՊԱ ռեկտորն էլ նկատեց, որ փրկարարը մարդկանց եւ նրանց ունեցվածքի պաշտպանությանն է կոչված ու միաժամանակ պետք է ամեն ինչ անի, որ արտակարգ իրավիճակ չստեղծվի. «բոլորս մեկ գործի համար ենք»:

Շրջանավարտներն էլ խոստացան բարձր պահել ակադեմիայի շրջանավարտի անունը ու պատիվը. «ակադեմիան հնարավորություն տվեց շփվել բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ձեռք բերեցինք եզակի մասնագիտություններ»:

Հետո բոլորով երդվեցին. «Ստանալով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտի մասնագետի բարձր կոչումը եւ անցնելով փրկարարի համամարդկային գործունեության, երդվում եմ.

Բարեխղճորեն եւ պատասխանատվությամբ կատարել պարտականություններս,

Անշահախնդրորեն կազմակերպել  տուժածների փրկման աշխատանքները՝ անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական  դավանանքից,

Հնարավորինս ամեն ինչ անել աղետների կանխման եւ կանխարգելման համար,

Ամբողջ ուժով օժանդակել արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի զարգացմանը,

Պահպանել փրկարարի մասնագիտական ավանդույթը, բարոյական նկարագիրը եւ բարձր պատիվը,

Երդվում եմ ամբողջ կյանքում հավատարիմ մնալ այս երդմանը:

Երդվում եմ»:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Շարունակվում է ՃԿՊԱ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը: Այս մասին առավել մանրամասն՝ այստեղ:

2022-2023 ուսումնական տարում ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրում բացվել է նոր մասնագիտություն՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում»: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ: