ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում»
ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի
համաձայն,հունիսի 20-ից հուլիսի 1-ը անցկացվում է ջրափրկարարների վերապատրաստման դասընթաց, որին
մասնակցում են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի
եւ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության
փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ջրասուզական ջոկատի փրկարարները՝ 14
ջրասուզակ: Դասընթացն անցկացնում է ՃԿՊԱ ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի
փրկարար, ստորջրյա կողմնորոշում եւ ստորջրյա արագընթաց լողի ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտակ
Էլմասակյանը:
10-օրյա վերապատրաստման հինգ օրը տեսական դասեր էին, մնացած հինգ օրը՝ սուզումներ: Թեմաներն
են. «Ջրահեղձվողի փրկում», «Ջրահեղձվածի որոնում», «Ջրահեղձվածի հատակից կորզում, մակերես
բարձրացում, քարշակում, տեղափոխում ափ կամ փրկարարական նավակ» եւ այլն:
Մոլորակում արձանագրվող կլիմայական փոփոխություններն ազդում են նաեւ Սեւանա լճի վրա: Գումարած
լճի հանդեպ մեր վերաբերմունքը: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ
ջրափրկարարական ջոկատի փրկարար, ջրասուզակի 14 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արթուր
Խաչատրյանը նկատեց, որ Սեւանն առաջվանը չէ, եթե տարիներ առաջ 10 մետր խորության վրա
տեսանելիությունը 4-6 մետր էր, հիմա՝ հազիվ 3 ու սա բարդացնում է փրկարարի աշխատանքը:
«Քաղաքացիները պետք է զգոն լինեն», — վստահ է Արթուր Խաչատրյանը:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար,
փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանն էլ ասաց, որ ջրահեղձման ռիսկը նվազեցնելու համար միայն
փրկարարի մասնագիտական բարձր որակներն ու գիտելիքները բավարար չեն: Սեւանա լճում եւ ջրային
տարածքներում արտակարգ իրավիճակների պոտենցիալ վայրերի քանակը մեծ է, պետք է բարձրացվի
քաղաքացիների զգոնությունը, լճի ափերին հանգստացողները պետք է իմանան եւ կիրառեն անվտանգության
կանոնները: Սեւանի ջրափրկարարները լոզասեղոնին անցնում են ուժեղացված ծառայության եւ թե ափին
տեղակայված հենակետերից, թե մոտորանավակներով ջրի վրայից բարձրախոսներով քաղաքացիներին
իրազեկում-զգուշացնում են անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի