Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն,  փետրվարի 9-11-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի վերապատրաստում «Տեղեկատվության համակարգման եւ կառավարման հարթակ» (INSARAG Coordination Management System` ICMS) թեմայով, որին մասնակցում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների 22 ծառայող՝ փրկարարական ուժերի վարչություն, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեզման վարչություն, բժշկական ապահովման վարչություն:

Դասընթացի տեւողությունը 24 ժամ է: Փրկարարներն ուսումնասիրելու են 2022 թվականի սեպտեմբերին նախատեսված` հայկական ՔՈՓ թիմի INSARAG-ի վերաորակավորման վարժանքի եւ ապրիլին նախատեսված նախավարժանքի ստուգաթերթերը, սցենարը, գույքը, տեղանքը:

Տեղեկանք

ICMS-ը բազմաշերտ համակարգ է, որի օգնությամբ ՔՈՓ թիմերի տարբեր խմբեր համակարգում եւ կառավարում են առկա ողջ տեղեկությունները, ինչը բարձրացնում է իրազեկվածությունը եւ արդյունքում բարելավվում է աղետից տուժած համայնքներում կատարվող որոնողափրկարարական աշխատանքը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման այս տարվա 24 դասընթացից 8-ը INSARAG-ի չափանիշներով է: Անցած շաբաթ անցկացվել է «Միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմ» թեմայով վերապատրաստում: