ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի բոլոր մասնագիտությունների երկրորդ կուրսերի սովորողները («Հրդեհային պաշտպանություն», «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում») հունիսի 22-հուլիսի 1 ժամանակահատվածում, արտադրական պրակտիկայի շրջանակներում, եղել են «Օրհուս կենտրոնում», որտեղ քննարկել են բնապահպանական խնդիրներ, «Nairi insurance» ապահովագրական ընկերությունում, «Global credit» վարկային կազմակերպությունում:

Պրակտիկայի վերջին օրը՝ հուլիսի մեկին, ՃԿՊԱ բակում կազմակերպվել էր գործնական պարապմունք՝ սպորտլանդիա, որին մասնակցում էր չորս թիմ՝ յոթական անդամով: Բաժանումը պատահական չէր, հենց յոթ հոգուց է բաղկացած հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկը:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դոցենտ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանի խոսքով, պարապմունքը մրցույթի ձեւաչափով էր, ընտրված էր մի քանի վարժություն՝ փրկարարական եւ հրշեջ-փրկարարական գործողություններ՝ մարտական հագուստի հագնում, կրակմարիչների տեղափոխում դեպի հրդեհի վայր, տուժածի տեղափոխում պատգարակով, փողրակի բացազատում, պարանային հագույցներ: «Արդյունքները գոհացուցիչ են»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը:

 

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ