Հրդեհների խմբեր, դասեր, տեսակներ
Հրդեհների բաշխումը խմբերով և տեսակներով, նրանց նմանության ու տարբերության հատկանիշներով կոչվում է դասակարգում:
Դասակարգումը արհեստական է, եթե այն հրդեհները միավորում է արտաքին (պատահական) հատկանիշներով, և բնական է, եթե հրդեհների խմբավորումը հիմնված է դրանց ներքին օբյեկտիվ կապերի և զարգացման ընդհանուր նշանների վրա: Հրդեհների բնական դասակարգումը համարվում է գիտական, այն թույլ է տալիս կանխորոշել տարբեր տեսակի հրդեհների մարման մարտավարության օրինաչափություններ:
Հրդեհները կարող են դասակարգվել ըստ տարբեր հատկանիշների:
Դասակարգմանը ներկայացվող հիմնական պահանջն է. հրդեհների խմբերը, դասերը, տեսակներն ու տարատեսակները պետք է կանխորոշեն այրման դադարեցման միջոցները, հնարքներն ու կիրառվող կրակմարող նյութերը, ստորաբաժանումների գործողությունների ուղղությունը և հաջորդականությունը, ուժերի և միջոցների բաշխումը և այլն:
Հրդեհների դասակարգման նշանները լինում են ընդհանուր և մասնավոր:
Ընդհանուր նշաններ. հատուկ են բոլոր հրդեհներին. այրվող նյութերի ֆիզիկա-քիմիական հատկություններ, կրակի տարածման արագություն, հրդեհների տևողություն, հրդեհների վայր և այլն:
Մասնավոր նշաններ. հատուկ չեն. հրդեհի մակերեսի ձև, վառվող նյութերի մակերես և այլն:
Հրդեհները բաժանվում են երկու խմբի՝ բաց և փակ տարածքներում:
Ըստ դասերի
A դասի հրդեհներ. այրվող պինդ նյութեր: Եթե այրվում են մխացող նյութեր` փայտ, թուղթ, տեքստիլ իրեր և այլն, ապա՝ A1 ենթադաս, իսկ նյութերը, որոնք չեն ծխում, օրինակ, պլաստմասե իրեր՝ A2 ենթադաս:
B դասի հրդեհներ. դյուրավառ և այրվող հեղուկներ: Եթե այրվում է ջրում չլուծվող հեղուկ (բենզին, դիզվառելիք, նավթ և այլն)՝ B1 ենթադաս, ջրում լուծվող հեղուկներ (օրինակ՝ սպիրտներ)՝ B2 ենթադաս:
C դասի հրդեհներ. գազեր (պրոպան և այլն):
D դասի հրդեհներ. վառվող մետաղներ: Եթե այրվում է թեթև մետաղ (ալյումին, մագնեզիում, դրանց համաձուլվածքներ և այլն)՝ D1 ենթադաս, այլ մետաղներ (նատրիում, կալիում)՝ D2 ենթադաս, մետաղաօրգանական միացությունների հրդեհներ՝ D3 ենթադաս:
E դասի հրդեհներ. Լարման տակ աշխատող էլեկտրական սարքավորումներ:
F դասի հրդեհներ. ռադիոակտիվ նյութեր և թափոններ:
Ավագ ՍԻՄՈՆՅԱՆ
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս