Այսօր՝ սեպտեմբերի մեկին, ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» մեկնարկեց հերթական՝ 2023-2024 ուսումնական տարին: Այս տարի ակադեմիայի միջին մասնագիտական, բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրեր է ընդունվել ավելի քան 400 դիմորդ:

Ողջունելով ուսանողներին, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը ասաց. մեծագույն պատիվ է լինելու այս հրաշալի կառույցը ստեղծած եւ վառ պահող դասախոսների եւ մասնագետների հետ այս տարի առաջնորդել ձեզ դեպի գիտելիքների նոր ճանապարհ, ամենօրյա ուսումնառության եւ բացահայտումների նոր ճանապարհ. «Առաջին կուրսեցիներին ասում եմ՝ բարի եք եկել: Թող ձեր գալուստը միայն լույս բերի, դուք գալիս եք հարուստ ավադույթներով կրթահամալիր, որտեղ մեծագույն արժեք են մարդասիրությունը, հայրենիքին ծառայելը. ուսանողը՝ գիտելիք առնելով, դասախոսը՝ գիտելիք փոխանցելով»:

Արմինե Հայրապետյանը հիշեցրեց հայտնի իմաստնությունը՝ Si vis pacem, para bellum` խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: «Զենքը միայն կրակողը եւ խոցողը չէ: Լեզուն եւ գիտելիքը ամենամեծ զենքն են, հենց գիտելիքի միջոցով է ստեղծվում կրակող եւ խոցող զենքը: ՃԿՊԱ դասախոսները զինված են գիտելիքով եւ ուզում են ուսանողներին զինել գիտելիքով: Այս առաքելությունը չի կարող խաթարվել», — նկատեց Արմինե Հայրապետյանը:

Ինչպես նշեց ակադեմիայի գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը, այս տարի դիմորդների թիվը բավականին ոգեւորիչ է՝ բակալավրի կրթական ծրագրերի առկա եւ հեռակա ուսուցման չորս մասնագիտության գծով ընդունվել է 241 դիմորդ: Միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվել է 140 դիմորդ: Նախորդ ուսումնական տարում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պահուստային տեղերի հաշվին ՃԿՊԱ-ին տրամադրվեց մեկ նոր մասնագիտություն՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում»: Այս տարի ակադեմիային տրամադրվեց 2 նոր մասնագիտություն՝ «Պաշտպանական կառույցների շահագործում» եւ  «Կապ եւ ազդարարում բնակչության պաշտպա­նության ոլորտում»: Այս մասնագիտությունները ժամանակի պահանջ են, քանի որ գիտության, տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց փոխվում են եւ փրկարարական ու որոնողափրկարարական աշխատանքներում կիրառվող սարքերն ու սարքավորումները, պաշտպանական կառույցների շահագործումը, կապը եւ ազդարարումը բնակչության պաշտպա­նության ոլորտում: Այս մասնագիտությունների մեջ հմտացած շրջանավարտները կարող են աշխատել հեռակառավարվող անօդաչու թռչող սարքերի եւ ռոբոտային համակարգերի հետ, պաշտպանական կառույցների շահագործման ու բնակչության պաշտպա­նության ոլորտում կապի եւ ազդարարման ուղղությամբ: Նոր մասնագիտությունների գծով որակյալ կադրերի պատրաստման եւ լիարժեք դասավանդման նպատակով ակադեմիայում ձեւավորվել է ռոբոտատեխնիկայի համալիր-լաբորատորիա հագեցած ժամանա­կա­կից տեխնիկայով, սարքերով, սարքավորումներով եւ այլ նյութերով:

Պրոռեկտոր Ղարիբյանը ուրախալի որակում փաստը, որ ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի 81 շրջանավարտից գերազանց առաջադիմությամբ ավարտած 17-ը իրենց կրթությունը կշարունակեն ակադեմիայի հեռակա համակարգում, իսկ 39-ը՝ ընդհանուր հիմունքով ընդունվեց առաջին կուրս:

«Հուսով եմ, որ մեր ուսանողները ակադեմիայում ձեռք կբերեն գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ, որոնք անհրաժեշտ եւ կիրառելի են դիմակայուն եւ անվտանգ պետություն ունենալու, անվտանգության մշակույթ եւ անվտանգ միջավայր ձեւավորելու գործում: Բարի երթ, սիրելի ուսանող», – ամփոփեց ակադեմիայի պրոռեկտորը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. 2023-2024 ուսումնական տարում, մագիստրոսի կրթական ծրագրով ՃԿՊԱ է ընդունվել 40 դիմորդ: Մագիստրոսի կրթական ծրագրի 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելությունը շարունակվում է: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ: